Հասարակություն

Երևանում խոշոր ծրագիր է իրականացվում. նախարարը՝ սեյսմակայունության խնդրի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի շենքերի սեյսմակայունության խնդրին։ Նշելով, որ ՍՍՀՄ օրոք կառուցված շենքերի օգտագործման ժամկետը լրանում է, նա հարցրել է՝ ծրագիր կամ հաշվարկներ կա՞ն հին շենքերը նորով փոխարինելու հարցով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, թե նախկինում կառուցված շենքերի սեյսմիկ հզորությունն ու հետագա ուսումնասիրությունները չեն համընկնում. «Նախկինում կարծիք է եղել, որ մեզ մոտ երկրաշարժի հիմնական ուժգնությունը կարող է մինչև 7 բալ լինել, շատ շենքեր կառուցվել են նման կարգավորումներով, հետո 88-ի դեպքերը ցույց տվեցին, որ ավելի ուժգին երկրաշարժեր կարող են լինել»։ Անդրադառնալով այդ ուղղությամբ արվող քայլերին՝ նախարարը նշեց, թե բազմաթիվ իրավական գործընթացներ կան, նոր նորմատիվներ են սահմանվել։

Սանոսյանը նաև նշել է. «Երևանում խոշոր ծրագիր է իրականացվում։ Ոչ թե մեկ, այլ մի քանի շենք է գույքագրվում, որ վթարային կարգավիճակ ունեն, և Երևանի քաղաքապետարանը առաջարկում է կառուցապատողներին՝ իրականացնել ծրագիր․ վթարային շենքերը քանդել, դրանց տեղում կառուցել նոր շենքեր՝ այնտեղ բնակարան հատկացնելով նախկին բնակիչներին» 

Հիշեցնենք՝ կառավարության 2022թ. նոյեմբերի 17-ի նիստում այս ծրագրի մասին խոսել էր նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հայտարարելով, որ  տալիս են վթարային շենքերի խնդրի լուծման ծրագրի մեկնարկը։