Հասարակություն

Այսօր տալիս ենք վթարային շենքերի խնդրի լուծման ծրագրի մեկնարկը. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է մայրաքաղաքի վթարային շենքերի խնդրին։

Ավինյանը տեղեկացրել է, որ Երևանում կա չորրորդ կարգի վթարային 13 բազմաբնակարան շենք, երրորդ կարգի վթարային՝ 100-ից ավելի շենք։

Նրա խոսքով. «Պարզ մի բանաձև ենք առաջարկում հիմնական կառուցապատողներին, ովքեր ունեն հնարավորություն և պատրաստ են ներգրավվել։ Առաջարկում ենք այս շենքերի բնակիչների հետ բանակցություններ վարել, որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ վթարային շենքերի փոխարեն նոր շենք կառուցել, ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը, և բնակիչների հետ պայմանավորվածություններ ունենալ, մասնավորապես, նոր կառուցվող շենքում կամ այլ տեղ բնակարան հատկացնել, գումար տալ։ Այսինքն՝ բոլոր հնարավորությունները բաց ենք պահում»։

Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ քաղաքապետարանը հետևելու է այդ գործընթացին՝ երաշխավորելով, որ պայմանավորվածությունները կպահպանվեն։

Ըստ նրա, տարբեր ժամանակներում այս խնդրին տրվել են տարբեր լուծումներ, բայց որպես այդպիսին համակարգային լուծում չի տրվել. «Այս քայլով կոնկրետ մեխանիզմ ենք առաջարկում»,- հավելեց Ավինյանը։