Հասարակություն

Հավասարակշռված լուծում գտնելու նպատակով օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 2-ի արտահերթ նիստում:

Քննարկման առարկան որոշակի դեպքերում անշարժ գույքի օտարման գործարքների հարկման ավելացված արժեքի հարկով և շահութահարկով բազաների նվազագույն կանոնների որոշման կիրառությունն է, ավելի հստակ` կիրառության բացառությունների սահմանումը:

Մասնավորապես, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց անցած գրավի առարկաներ, դրանք օտարեն և ԱԱՀ-ի ու շահութահարկի գծով հարկային պարտավորությունները կատարեն օտարման փաստացի գնից ելնելով և ոչ թե շուկայական արժեքի մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսից ելնելով, որն ընդունված կանոնն է: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել է օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգել մինչև երկամսյա ժամկետով` հարցերի ժամանակավոր կամ մասնակի լուծման ճիշտ տարբերակներ գտնելու նպատակով:

Գործադիրի ներկայացուցիչը, կարևորելով փաստարկված որոշման կայացումը, ընդունել է Բաբկեն Թունյանի առաջարկը: