Հասարակություն

«Տոնավաճառները և մարդկանց զանգվածային կուտակման վայրերը խոշորացույցի տակ են». Ա. Պապիկյան

Radar Armenia-ի զրուցակիցը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանն է։

-Երեկվանից շրջանառվում են տեղեկություններ, որ կասեցվել է Մալաթիայի տոնավաճառի գործունեությունը, և առաջիկայում փակվելու է նաև Գնունու տոնավաճառը։ Նաև նշվում է, որ այս որոշումները կապված են հակահրդեհային անվտանգության կանոնների չպահպանման հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Այո Մալաթիայի տոնավաճառի գործունեության դադարեցման որոշում է կայացվել։ Դա կապված է հրդեհային անվտանգության կանոնների խախտմամբ։ Այսինքն, նորմատիվ պահանջների բազմաթիվ խախտումներով է պայմանավորված։ Գնունու տոնավաճառի հետ կապված հարցի մասով՝ այս պահին կոնկրետ չեմ կարող նշել, թե հաջորդը որն է լինելու, բայց այո, տոնավաճառները և մարդկանց զանգվածային կուտակման վայրերը տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են, այսպես ասած խոշորացույցի տակ են։ Եվ հերթականությամբ նմանօրինակ շուկաներում իրականացվելու է վերահսկողական գործառույթներ։ Բնականաբար, եթե նորմատիվ դաշտի պահանջները պահպանված չեն, ապա համապատասխան որոշումներ են կայացվելու։ 

-Ի՞նչ կանոններ չեն պահպանվել, արդյո՞ք ստուգումներից հետո միանգամից եք փակում, թե ժամկետ է տրվել շտկումներ կատարելու համար, եւ դա չի արվել։

-Գործընթացն այսպես է կազմակերպվում։ Ստուգման պրոցեսն ավարտելուց հետո արձանագրված խախտումներին տրվում է մասնագիտական եզրակացություն։ Եվ դրա արդյունքում է տրվում փակման որոշումը։ Եթե գրանցվում է հրդեհասպառնալից իրավիճակ և ուղիղ վտանգ մարդկանց կյանքին, առողջությանը, ապա միանշանակ փակման որոշում է կայացվում։ Արձանագրված խախտումները հիմնականում կապված են լինում ներքին և արտաքին ջրացանցերի, տարհանման ելքերի, էլեկտրատնտեսության ոչ ճիշտ մոնտաժված լինելու, հրդեհաշիջման առաջնային միջոցների ոչ բավարար քանակի կամ որակի, ինչպես նաև ծխահեռացման բացակայության հետ կապված խնդիրները։ Մալաթիա տոնավաճառի հետ կապված կարող եմ նշել, որ ունեցել է ժամկետ, որպեսզի ամբողջությամբ վերացնի արձանագրված խախտումները և նորմատիվ պահանջներին համապատասխանեցնի։ Կատարվել է մասնակի։ Տեսչական մարմնի կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրություն է կատարվել և խախտումների վերացման ուղղությամբ իրենց աշխատանքը գնահատվել է ոչ բավարար և որոշումը թողնվել է անփոփոխ՝ դադարեցման որոշումը մնացել է ուժի մեջ։

-Հաստատու՞մ եք, որ տարին մեկնարկել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ակտիվ ստուգումներով ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։

-Այո տարին տեսչական մարմնի համար սկսվել է ակտիվ ստուգումներով և դա ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Արդեն իսկ մարզային տարածքային բաժնի պետերին տրվել է հստակ և խիստ  հանձնարարականներ, որպեսզի իրականացնեն մարզերում առկա հրդեհապայթյունավտանգ նման խոշոր օբյեկտների գույքագրում։ Եվ գույքագրումից հետո կպլանավորվի և կսկսվեն վերահասկողական գործառույթները։ Թեև արդեն սկսվել են։

-Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները բողոքում են, որ կասեցման պատճառով շուրջ 600 քաղաքացիներ անգործ են մնալու։ Կասեցման որոշումը կայացնելիս արդյոք հաշվի առնվում է աշխատատեղերի փակման հարցը։ Ինչ քննարկումներ եք ունենում կամ ունեցել այս թեմայով։

-Փակման հետ կապված կարող եմ ասել, որ տեսչական մարմնի համար, որպես վերահսկող մարմին առաջնային տեղում մարդկանց կյանքի և առողջության հարցն է, հետագայում նաև գույքի։ Եվ այստեղ տարընթերցում լինել չի կարող։ Միանշանակ առաջին տեղում կյանքի և առողջության պահպանման և դրան ուղղված միջոցառումների իրականացման հարցն է, և առկա ռիսկերը նվազեցնելու։ Իսկ անգործ մնալու հետ կապված կարող եմ ասել, որ տնտեսվարողից է կախված, թե տվյալ տոնավաճառը որքան ժամանակ չի շահագործվի, գործունեություն չի իրականացնի։ Եթե արագ տնտեսվարողը շտկի թերությունները, այդքան արագ տեսչական մարմինը թույլ կտա շարունակել գործունեությունը։  Այս կասեցման որոշումն ուժի մեջ է այնքան ժամանակ , քանի դեռ տնեսվարողը խախտումները չի վերացրել։

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում։