Հասարակություն

«Երկրորդ կասկածյալը նույնպես Պեմզաշենից է»․ վարչական ղեկավար

Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով սպանության մեջ կասկածվող երկրորդ անձի ձերբակալության թեմային՝ ասաց, որ նման տեղեկություններ հայտնելու իրավասություն չունի։

Վարդանյանը միայն հայտնեց, որ այս պահին Պեմզաշենում աշխատանքներ են իրականացնում իրավապահ մարմինները և նշեց, սպանության մեջ 2-րդ կասկածյալի մասին միայն գիտի այն, որ վերջինս Պեմզաշենից է, բայց ձերբակալման վերաբերյալ ոչինչ չգիտի և, առհասարակ, չի տիրապետում որևէ այլ ինֆորմացիայի։

«Այդ տղամարդու մասին, որ ասում են, այո, մեր գյուղից է, մնացածն ասել եմ՝ ոստիկանությունից ճշտեք»,-պարզաբանեց Վարդանյանը։

Վարչական ղեկավարը նաև հայտնեց, որ սպանվածի ամուսինը ՌԴ-ից վերադարձել է Հայաստան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դաժան սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ ու նրա երկու երեխաների՝ 12-ամյա դստեր և 8-ամյա տղայի դիերը։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության գործով կա ձերբակալված, որոնվում է ևս մեկ անձ։ 

Հայկ Մագոյան