Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում: Համագումարում կուսակցությունը պետք է ընտրի վարչության նոր կազմը։
Համագումարի սկզբում լրագրողների հետ ճեպազրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահին Սոթքում վերականգնվում են վնասված տները։ «Այն ընտանիքները, որոնց վնասները գնահատվել են, բոլորինը վերականգնվել են։ Ամբողջությամբ փլուզված տների վերականգնումը դեռ չի սկսվել, բայց լուծվել է այդ ընտանիքների վարձակալության խնդիրը»,–ասաց մարզպետը։
Մարզպետի խոսքով՝ Գեղարքունիքի մարզից տեղահանված բնակիչների 80 տոկոսն արդեն վերադարձել են իրենց տները, մյուսների հարցը կարգավորվում է։
Տեղեկացրեց նաև, որ ԵԱՀԿ դիտորդներն այցելել են մարզ, նրանց ցույց է տրվել տեղանքները, վնասների մասին տեղեկություններ են տրամադրվել։