«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունից հետո ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրակացնում հարևանությամբ գործող «Փեթակ»-ում։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են։
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ կանցկացնեն նաև Մալաթիա տոնավաճառում, Մալաթիայի ոսկու շուկայում, «Առինջ» մոլում, և, ըստ հերթականության, առևտրի մյուս խոշոր կետերում։
«Մինչ այդ դեպքն էլ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ իրականացրել են»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհվեց 16 մարդ, անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։
Օրերս Radar Armenia-ն տեսչական մարմնից տեղեկացել էր, որ «Փեթակ» ՍՊԸ-ում տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրական պահանջների պահպանման վերաբերյալ իրականացվել է դիտարկում և հետազոտություն։ Արդյունքում «Փեթակ» ընկերության տնօրենը հրդեհային անվտանգության կանոնների, քաղաքաշինական նորմերի խախտումների հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Հայկ Մագոյան