Անցած շաբաթ գործադիրը հավանություն տվեց հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներով ապահովելու կարգը և անձնական օգնականի ծառայության ներդրման կարգը սահմանելու մասին օրինագծերին, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից։ Սակայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվողները դժգոհում են, թե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել այլ բան, իսկ որոշել՝ այլ։
Radar Armenia-ի հետ զրույցում պատասխանատու գերատեսչության՝ Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը չհերքեց շրջանառվող լուրերը, թե մինչ որոշման նախագծի հաստատումը փոփոխություններ չեն եղել։
«Ես էլ եմ մամուլից ծանոթացել հասարակական կազմակերպությունների հայտարարություններին։ Վստահաբար հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների առնչությամբ բոլոր ծրագրերն ու նախագծերը քննարկվել են աշխատանքային և հանրային կարգով։ Կհամաձայնեմ, կան որոշակի փոփոխություններ, փոքր փոփոխություններ, որոնք հետո են աշխատանքային կարգով մտցվել նախագծի մեջ»,- պարզաբանում է Հովհաննիսյանը։
Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի խոսքով՝ այս ծրագիրը պիլոտային է, որի արդյունքում կունենան պատկերացում, թե ինչ պետք է ձևափոխեն, ինչը պետք է լրամշակեն։
Քրիստինա Հովհաննիսյանը չի բացառում, որ հնարավոր է որոշման նախագիծը չփոփոխվի, բայց կարող է պիլոտային ծրագրի շրջանակներում պարզվի, որ ներկայացված նախագիծը աշխատող չի. «Հաշվի առնելով, որ անձնական օգնականի ներդրաման նախագիծը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից՝ բավականին ժամանակ ունենք վերանայելու, վերլուծելու, թե նախագծում ինչ բացեր կան»։
Վերադառնալով հանրային քննարկման թեմային՝ նա ավելացրեց, որ ներկայացրել են ամբողջական իրավիճակը, քննարկել են և այժմ էլ ակտիվ քննարկումների մեջ են հասարակական կազմակերպությունների գործընկերների հետ։
Հիշեցնենք՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը Radar Armenia-ի հետ զրույցում ներկայացրել էր օրենքում առկա բացերի վերաբերյալ իր մտահոգությունները։
Հայկ Մագոյան