Հասարակություն

Օգնականը մտնելու է հաշմանդամություն ունեցող մարդու անձնական կյանք. քննարկվում է մի բան, ընդունվում՝ մեկ այլ բան

Կառավարությունը հերթական նիստում հավանություն տվեց հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներով ապահովելու կարգը և անձնական օգնականի ծառայության ներդրման կարգը սահմանելու մասին օրինագծերը։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվողները, սակայն, մտահոգություններ ունեն այս որոշման առնչությամբ։ 

Radar Armenia-ի հետ զրույցում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն ասում է, որ անձնական օգնականի նախագծի վերաբերյալ հիմնական մտահոգությունն այն է, որ այլևս ծառայության առանցքում հաշմանդամություն ունեցող անձը և իր որոշումները չեն։ 

«Սա Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 19-րդ հոդվածով ամրագրված սկզբունք է։ Ամբողջ աշխարհում «անձնական օգնական» ասելով հասկանում են, որ անձն է տվյալ օգնականի գործատուն, նա է ասում, թե ով, ինչպես և երբ իրեն պետք է օգնի։ Սա շատ ինտիմ հարաբերություն է, օգնականը մտնելու է հաշմանդամություն ունեցող մարդու կյանքի շատ անձնական համարվող հատվածներ, հետևաբար, անձը պետք է ունենա նրա նկատմամբ որոշումներ կայացնելու առավելագույն իրավունքը», - ասում է Մուշեղ Հովսեփյանը՝ վկայակոչելով միջազգային փորձը, երբ արգելում են օգնականին միաժամանակ հանդես գալ նաև այլ անձի օգնական, եթե հաշմանդամություն ունեցող անձը չի տվել իր համաձայնությունը։ 

Հովսեփյանի խոսքով՝ մարդիկ շատ տարբեր են իրենց կենցաղավարությամբ, և օգնականը պետք է ընդունի անձի կանոնները։ 

«Իմ զարմանքն է առաջացրել նաև այն, որ անձնական օգնական ծառայությունը նախնական փուլում իրականացվելու է պիլոտի միջոցով, ինչը տեսանելի չէ իրավական ակտի նախագծով։ Բացի այդ, մտահոգիչ է նաև այս ծառայությունը որևէ կերպ անապահովության գնահատման գործող կամ ապագայում վերանայվելիք համակարգի հետ կապելը։ Հասկանալի է, որ պետք է հնարավորինս նվազեցնել ծառայությունը ստացողների շրջանակը, սակայն դա կարող էինք անել՝ հաշվի առնելով այլ երկրների ձախողումների և հաջողությունների վրա ձևավորված գիտելիքը և փորձը։ Հայաստանի ամենակոռումպացված համակարգերից մեկի հետ այս ծառայությունը կապելը որևէ կերպ չի բխելու հաշմանդամություն ունեցող անձանց և պետության շահերից», - նկատում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը։ Նա հավելում է, որ «խելամիտ հարմարեցումների» դեպքում խնդրահարույց է այն, որ հանվել են դրանց՝ խելամիտ լինել-չլինելը ընթացքում սահմանող հիմքերը։ 

«Հարմարեցումը խելամիտ է, երբ այն 1) իրագործելի է իրավական և գործնական տեսանկյունից, 2) համապատասխանում է աշխատանքային հիմնական պարտականությունների կատարման կամ կրթությանը մասնակցության նպատակին և անհրաժեշտ է վերջինիս հասնելու համար, 3) օգտագործված միջոցների (ժամանակի, արժեքի, տևողության և ազդեցության) առումով համաչափ է և չի առաջացնում անհարկի բեռ պարտականությունը կրող անձի համար։ Սա՝ Կոնվենցիայի և միջազգային լավագույն փորձի հիման վրա։ Առանց սրա` խոսքը ոչ թե խելամիտ հարմարեցումների, այլ պարզապես հարմարեցումների մասին է»,-բացատրում է Հովսեփյանը շեշտելով՝ խելամիտ հարմարեցումների ծախսերի նվազագույն կամ առավելագույն շեմ սահմանելու փորձ չկա որևէ երկրում։ 

Ըստ նրա՝ մեր դեպքում ինչ-որ անհասկանալի թիվ են մտածել՝ «ծախսերի 5%-ը չպետք է գերազանցի», սակայն խելամիտ բառը այս հայեցակարգում հենց այդ ճկունությունն է տալիս։ 

«Եթե մտահոգիչ է դատարանների կողմից խելամտությունը որոշելու հարցը, մենք կարող էինք տալ նաև դատական պրակտիկայի վերլուծություն։ Եթե դա հնարավոր է եղել աշխարհում, հնարավոր է նաև Հայաստանում։ Ընդամենը պետք էր հարցնել այն մարդկանց, որոնք գիտեին այդ հարցերի պատասխանները։ Փաստացի հանրային քննարկումների ժամանակ նախագծերը ընդունելի էին գրեթե բոլոր կազմակերպությունների կողմից։ Այժմ չգիտեմ, թե ում համար են դրանք ընդունելի, որովհետև փոխվել են ամբողջությամբ։ Ստացվում է՝ քննարկում ենք մի բան, ընդունում՝ մեկ այլ բան։ Հանրության հետ երկխոսությունից կառավարությունը չէր տուժի, միայն կշահեր։ Բայց կառավարությունն ընտրեց սխալվելու, հուսով եմ՝ նաև հետագայում այդ սխալների համար պատասխանատվություն կրելու տարբերակը»,- ասաց Մուշեղ Հովսեփյանը։

Հայկ Մագոյան