Հասարակություն

Ո՞ր երկրներն են հանել COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները

2020թ. բռնկված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ եվրոպական մի շարք երկրներ կա՛մ ամբողջապես արգելել էին օտարերկրյա քաղաքացիների մուտքը, կա՛մ հայտարարել խիստ սահմանափակումներ։ Կորոնավիրուսի դեպքերի նվազմանը զուգահեռ՝ երկրներն էապես մեղմացրել են սահմանափակումները։

Radar Armenia-ն ներկայացնում է, թե այս պահին եվրոպական երկրներում, որոնք նաև ակտիվ տուրիստական ուղղություններ են, ինչ ճանապարհորդական սահմանափակումներ են գործում՝ կորոնավիրուսով պայմանավորված։

Այսպես, օրինակ, Գերմանիան, Էստոնիան, Իտալիան, Կիպրոսը, Ավստրիան և Հունաստանն այլևս չունեն այցելուների համար ճանապարհորդելու որևէ սահմանափակում։ Նաև՝ կարիք չկա դիմակներ կրել օդանավակայաններում կամ թռիչքի ընթացքում, բացառություն են միայն մի քանի երկրներ:

Ավստրիա այցելողների համար COVID-19 մուտքի բոլոր սահմանափակումները հանվել են։

Կիպրոսում ևս՝ կորոնավիրուսով պայմանավորված մուտքի բոլոր պահանջները հանվել են։

Ֆրանսիան նույնպես միացված է ԵՄ թվային COVID սերտիֆիկատին, որը թույլ է տալիս՝ առանց սահմանափակումների ճանապարհորդել ԵՄ բոլոր երկրներում՝ պատվաստումների ապացույցի և կորոնավիրուսի բացասական թեստի պարագայում: Ֆրանսիան այլևս չի պահանջում ամբողջությամբ պատվաստված ճանապարհորդներից՝ ներկայացնել բացասական COVID-19 թեստ։ Չպատվաստված այցելուները պետք է ներկայացնեն բացասական PCR թեստ, որն արվել է 72 ժամից պակաս ընթացքում:

Գերմանիան ևս միացված է ԵՄ թվային COVID սերտիֆիկատին։ Հունիսի 11-ից բոլոր ճանապարհորդները կարողանում են մուտք գործել Գերմանիա՝ առանց կորոնավիրուսի հետ կապված որևէ փաստաթուղթ ցույց տալու։

Իտալիա այցելողներից այլևս չի պահանջվում մուտք գործելու համար կորոնավիրուսի հետ կապված որևէ փաստաթուղթ ցույց տալ։

Վատիկանը կրկին բացել է իր դռները զբոսաշրջիկների համար՝ Իտալիայի կողմից սահմանափակումների մեղմացումից հետո։

Իսպանիան ևս միացված է ԵՄ թվային COVID սերտիֆիկատին։ ԵՄ-ից կամ Շենգենյան տարածքներից այցելուներն այլևս կարիք չունեն ցույց տալու կորոնավիրուսի որևէ փաստաթուղթ՝ Իսպանիա մուտք գործելու համար։ ԵՄ-ից և Շենգենյան տարածքից դուրս ապրող ճանապարհորդները պետք է ներկայացնեն պատվաստման ապացույց, վերականգնման վկայական կամ բացասական թեստ։

Միացյալ Թագավորությունները չեղարկել է կորոնավիրուսի բոլոր սահմանափակումները՝ այլ երկրներից ժամանողների համար։

Նիդերլանդները ևս միացված է ԵՄ թվային COVID սերտիֆիկատին։ ԵՄ, Շենգենյան գոտու կամ ԵՄ ճանապարհորդության կանոնների սխեմային մասնակցող երկրների այցելուները կարող են ազատ մուտք գործել Նիդերլանդներ՝ առանց որևէ սահմանափակումների: Մյուս երկրների քաղաքացիները պետք է ներկայացնեն վերջին 180 օրվա ամբողջական պատվաստման կամ վերականգնման ապացույց:

Բելգիայի այցելուներն այլևս կարիք չունեն մուտքի համար ցույց տալ COVID-19-ի որևէ փաստաթուղթ:

Բուլղարիան այլևս չի պահանջում այցելուներից ներկայացնել պատվաստման ապացույց կամ բացասական թեստ՝ երկիր մուտք գործելու համար:

Մարիամ Սարգսյան