ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 67 «կողմ» ձայնով ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Ըստ այդմ, Հայաստանում հնարավոր չի լինելու կանխիկով խաղադրույք իրականացնել: Բացի այդ, 6 ամիս հետո հնարավոր չի լինելու խաղադրույք կատարել վճարային սարքերի միջոցով:
Նախագծով սահմանվում է նաև, որ շահումը փոխանցվում է բանկային պրակտիկայում ընդունված անկանխիկ եղանակով: Արգելվում է շահումը փոխանցել (վճարել) այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները:
Նախագծի համահեղինակ պատգամավորները նշել էին, որ նման օրենսդրական փաթեթը նախաձեռնվել է՝ խաղամոլության դեմ պայքարի քաղաքականության շրջանակում, և, որ այդ ուղղությամբ գործողությունները շարունակական են լինելու։