Հասարակություն

Հանրային սննդի օբյեկտներում չծխելու արգելքը խախտելու 116 դեպք է արձանագրվել

Այս տարվա մարտի 15-ից ուժի մեջ մտավ հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը։ Ընդ որում, արգելված է ինչպես ծխախոտի, այնպես էլ՝ դրա փոխարինիչների օգտագործումը։

Radar Armenia-ն փորձել է պարզել, թե այս մեկ ամսվա ընթացքում օրենքը խախտելու քանի դեպք է գրանցվել։ 

Ըստ Ոստիկանության՝ հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում և խոհարարական արտադրանքի պատրաստման ու իրացման այլ օբյեկտներում մարտի 15-ից առ այսօր արձանագրվել է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման արգելքը խախտելու 116 դեպք։

Այս ընթացքում ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում հաշվառված է վարչական պատասխանատվության ենթարկված 783 անձ: Նրանք պատասխանատվության են ենթարկվել  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173.2 հոդվածի հատկանիշով՝ ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելու համար։

Անուշ Մկրտչյան