Ուսուցչի դրույքաչափը մայիսի 1-ից կդառնա 200 հազար դրամ. որոշումն ընդունվել է Կառավարության՝ ապրիլի 28-ի նիստում։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը որոշումը գնահատեց դրական, բայց ուշացած։ Նա ընդգծեց՝ ուսուցչի դերակատարումը բարձրացնելու համար անհրաժեշտ է մեծացնել նաև նրա հնարավորությունները։
Ըստ Մխիթարյանի՝ նշված որոշմամբ այլ կարևոր խնդիրներ ևս կարող են լուծվել. «Հատկապես բարձր լեռնային բնակավայրերի, սահմանամերձ շրջանների 100-ից ավելի դպրոցներում կան ուսուցիչների թափուր հաստիքներ։ Այս որոշմամբ հնարավորություն կստեղծվի, որ այդ հաստիքներն արագորեն լրացվեն»։
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի պնդմանը, թե տեսականորեն և գործնականում ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կարող է կազմել մինչև 400 հազար դրամ, Մխիթարյանն ասաց, որ ուսուցիչների միայն չնչին մասը կկարողանա այդքան աշխատավարձ ստանալ. «Պետք է հաշվի առնել, որ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը մեկ դրույք չունի, ինչը պայմանավորված է նրանով, որ, հատկապես փոքր բնակավայրերում, ուսուցիչները վարձատրվում են ժամաքանակով, իսկ դրանք ավելի քիչ են լինում, քան սահմանված է մեկ դրույքով։ Այսինքն, չեն ստանում մեկ դրույքի աշխատավարձ, որ դրա կեսն էլ գումարվի ու դառնա 300-400 հազար դրամ։ Կառավարության նիստին էլ է հայտարարվել, որ ուսուցիչներ կան, որոնց ամսական աշխատավարձը կազմում է 30-40 հազար դրամ։ Սահմանամերձ շրջաններում ուսուցչների դասավանդման ժամաքանակը շատ քիչ է, իսկ մենք պետք է խրախուսենք հատկապես այդ բնակավայրերում նրանց մնալն ու աշխատելը»։
Ըստ Մխիթարյանի՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում ամենամեծ խնդիրն այն է, որ կատարվում է միայն գիտելիքների ստուգման թեստավորում՝ չշեշտադրելով նրանց աշխատանքի մեթոդաբանությունը։
«Դա է պատճառներից մեկը, որ շատ ուսուցիչներ ուղղակի չեն գնում կամավոր ատեստավորման։ Վերջինս նշանակում է՝ գնահատել ուսուցչի՝ ոչ միայն գիտելիքները, այլև՝ հմտությունները, կարողությունները։ Կարող ես շատ գիտելիքներ ունենալ, գերազանցությամբ ավարտած լինել բուհը, բայց չկարողանաս այդ գիտելիքները փոխանցել աշակերտին։ Շատ կարևոր է մանկավարժներին գնահատել որպես մանկավարժ։ Պետք է հնարավորություն լինի՝ փոփոխությունների միջոցով ատեստավորման փուլում ներառել այնպիսի առաջադրանքներ, որոնցով հնարավոր կլինի ստուգել մանկավարժների մեթոդաբանությունը, գիտելիքների փոխանցման կարողությունները, որպեսզի ուսուցիչն իրեն գնահատված զգա, ոչ թե ստրեսի ենթարկվի՝ հերթական «քննությունը» տալու համար»։
Բացի այդ, ըստ կրթության փորձագետի, շատերը խուսափում են կամավոր ատեստավորումից, որովհետև դրան «պատժիչ» գործողություններ կարող են հետևել, որ եթե ուսուցիչը չհաղթահարի նվազագույն շեմը, պետք է անցնի պարտադիր ատեստավորում, իսկ դա չանցնելու դեպքում կարող է զրկվել աշխատանքից։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն, Մխիթարյանն ասաց՝ դա ակնհայտ է. «Մեր հասարակությունը դեգրադացվել է վերջին շրջանում, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հասարակության մեջ հաջողությունների են հասնում կրթության ասպարեզում անհաջողության մատնված մարդիկ, ու երեխաների մոտ դիսոնանս է առաջանում»։
Մարիամ Սարգսյան