Հասարակություն

Սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքներն Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են

Ամբողջ աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է սիրտ-անոթային հիվանդություններից: Դրա ռիսկի գործոնների, մասնավորապես` դիսլիպիդեմիայի թեմայով կայացել է «Դիսլիպիդեմիա: ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառումը: Ողջունելով նախաձեռնությունը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքներն Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են:

«Նախարարի հրամանով ստեղծված սիրտ-անոթային հիվանդությունների բուժման, կանխարգելման աշխատանքային խմբից ևս ակնկալիքները մեծ են: Թիմում ընդգրկված են համակարգի պրոֆեսիոնալները: Նրանց աշխատանքների շնորհիվ հնարավորինս վեր կհանվեն ոլորտի խնդիրները, որոնց հետևաողական լուծման արդյունքում կունենանք բուժման որակի բաձրացում և բնակչության առողջության ցուցանիշների բարելավում»,- նշել է Արմեն Նազարյանը: Փոխնախարարը կարևորել է նաև հանրային առողջապահական իրազեկման միջացառումների անցկացումը` ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնները նվազեցնելու տեսանկյունից:

Առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդական, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը ևս անդրադարձել է դիսլիպիդեմիաների կանխարգելման, կառավարման և բուժման կարևորությանը` որպես սիրտ-անոթային հիվանդությունների և, ընդհանուր առմամբ, մահացության նվազեցման գործոն:

Ոլորտի մասնագետները հանդես են եկել զեկույցներով, ներկայացրել դիսլիպիդեմիայի համաճարակաբանությունը, պատճառներն ու ախտորոշումը, ինչպես նաև դիսլիպիդեմիայի վարման նոր ուղեցույցը: Նշվել է նաև, որ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնների մի մասը կառավարելի է, ինչպես` ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, սխալ սննդակարգը, ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումը: