Ապրիլի 20-ին, Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն (ծնված 1991 թ.) 2021 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես «Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու բարեգործական ընկերության» աշխատակից, խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վստահությունը չարաշահելու եղանակով և ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, օգնություններ առաքելու պատրվակով գումարներ է հափշտակել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Ա.-ից (ծնված 1980 թ.)՝ 7600 դրամ, Դ.Ա.-ից (ծնված 1986 թ.)՝ 15000 դրամ, Ա.Հ.-ից (ծնված 1978 թ.)՝ 7600 դրամ և Պ.Ղ.-ից (ծնված 1982 թ.)՝ 7600 դրամ՝ ընդհանուր 37800 դրամ գումար։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից:
Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո այն հափշտակվել է Ա.Ա.-ի կողմից, ինչի արդյունքում վերջիններիս պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։
Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը: