Հասարակություն

Այսօր Ավագ հինգշաբթի է

Այսօր Ավագ հինգշաբթին է՝ եկեղեցական արարողակարգի առումով չափազանց հագեցած օր։

Ավագ հինգշաբթի առավոտյան ժամերգությունից հետո կատարվում է ապաշխարողների արձակման կարգ և այդ ընթացքում երգվում են ապաշխարության շարականներ, ընթերցվում՝ աղոթքներ, մաղթանքներ, քարոզներ: Այնուհետև մատուցվում է Սուրբ Պատարագ, ի հիշատակ Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման: Հաղորդություն են ստանում ծոմ պահած ապաշխարհողները։

Այս օրը արարչության հինգերորդ օրն է, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին։

Ավագ հինգշաբթին կապված է այն իրողության հետ, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից։

Ավագ հինգշաբթին հիշատակվում է նաև Ոտնլվայի արարողակարգով, եկեղեցիներւմ պատարագիչ քահանան 12 դպիրների հետ միասին բարձրանում է խորան և ոտնլվայի արարողակարգի ժամանակ լվանում նրանց ոտքերը: Այս արարողության հիմքը Ավետարանում նկարագրվող պատմությունն է, երբ Վերջին ընթրիքից առաջ Հիսուսը լվանում է իր աշակերտների ոտքերը:

Հին աշխարհում, ինչպես գիտենք, ճանապարհները փոշոտ էին և երկար ճանապարհ անցնելուց հետո բնական էր, որ մարդկանց ոտքերը կեղտոտվում էին: Ընդունված կանոն էր, երբ մեկի տուն հյուրեր էին գալիս պետք էր նրանց ոտքերը լվանային:

Ոտքերը իրականում լվանում էին ծառաները, ստրուկները, աղախինները: Այսինքն՝ այս գործը անպատվաբեր էր համարվում, որը պետք է կատարեին տան աշխատողները: Որպես խոնարհության բացառիկ օրինակ՝ Քրիստոսն ինքը լվաց աշակերտների ոտքերը:

Այս օրինակի մեջ նաև Մկրտության խորհուրդն է: Եթե մեկը հյուր էր գալիս ինչ-որ մեկի տուն, առանց ոտքերը լվանալու ներս չէր կարող մտնել, այդպես էլ որևէ մարդ առանց մկրտության չի կարող եկեղեցի և երկնքի արքայություն մտնել:

Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում իր մարմնին ու արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում։

Այսօր երեկոյան մեր եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը պատկանում է Ավագ ուրբաթին, քանի որ եկեղեցական օրացույցի համաձայն երեկոյան ժամերգությունից հետո օրը փոխվում է: