Արմավիրի և Արարատի մարզերում մեկնարկել է գարնանացանը։
Radar Armenia-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի փոխանցմամբ՝ «արդեն առվույտի ցանքն է իրականացվում, մտնում է մասսայական փուլ»։
Գարնանացանը սկսվել է նաև Արարատի մարզում. Radar Armenia-ի հետ զրույցում Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը տեղեկացրեց՝ «Առվույտը ցանվել է, ջերմոցում նույնպես աշխատանքներ արվում են։ Բերքատվության մասով չեմ կարող ասել։ Եթե կարկուտ չլինի, լավ բերք կլինի»։
Տերտերյանի խոսքով՝ ջերմոցային տնտեսություններում աշխատանքը վաղուց է սկսվել. «Մենք արդեն առաջին բերքն ենք վաճառում շուկաներում՝ վարունգի և պղպեղի տեսքով»։
Վարչության պետը մտահոգություն հայտնեց, որ մարզում որակյալ սերմացուի խնդիր կա. «Մշակաբույսերի ցանքը մոտակա օրերին կսկսենք, չնայած որակյալ սերմացուների խնդիրներ ունենք։ Ոռոգման ջրի մատակարարումը սկսվել է, շուտով ցանքը կակտիվանա»։
Խոսելով բերքատվության ծավալների մասին՝ Տերտերյանը նշեց, որ լավ ակնկալիքներ ունեն, և, այդ առումով, ցրտահարությունը Արմավիրի մարզի համար վտանգ չէ. «Վնաս պետք է պատճառեր պտղին, բայց պատճառած վնաս չկա։ Բերքատվության առումով լավ ակնկալիքներ կան։ Այս պահի դրությամբ՝ լավ է, եթե գյուղատնտեսական տարին լավ ընթանա, լավ բերք կունենանք, քանի որ գյուղացին էլ է լավ աշխատում, գյուղատնտեսական բոլոր միջոցառումները ժամանակին իրականացվում են»։
Հիշեցնենք, որ երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցերի:
Վարչապետն ընդգծել է գարնան գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է օպերատիվ շտաբի ձևաչափով ինտենսիվ աշխատել այս ուղղությամբ՝ հնարավոր խնդիրներին արագ ու հասցեական արձագանքելու և իրավիճակն ուշադրության կենտրոնում պահելու համար:
Անուշ Մկրտչյան