Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դրոյի փողոցի 55-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, պահում և իրացնում: Սա դեռ փետրվարի 21-ին էր, և հենց այդ օրն էլ իրավապահները ձեռնարկել էին կոնկրետ գործողություններ: Երեկոյան ժամը 18:00-ին Դրոյի փողոցից նրանք բերման էին ենթարկել 38-ամյա երկու տղամարդու` մեքենայով հանդերձ: Փաստական տվյալներ կային, որ նրանցից մեկը րոպեներ առաջ էր 10 հազար դրամով վերոհիշյալ 55-ամյա տղամարդուց ձեռք բերել մարիխուանա: Ըստ բերման ենթարկվածի` թմրանյութն իր օգտագործման համար էր:
Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները շարունակել էին միջոցառումները` արդեն համագործակցելով քննչական բաժնի ծառայողների հետ: Փետրվարի 23-ին իրավապահները բերման էին ենթարկել մեկ այլ տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նմանատիպ զանգվածով լուցկու տուփ: Իրավապահները փաստական տվյալ ունեին, որ նա ևս մարիխուանան ձեռք էր բերել Դրոյի փողոցի նույն բնակչից, սակայն՝ նրա դստեր միջոցով:
Նույն օրը խուզարկություն էր կատարվել թմրավաճառի տանը: Հայտնաբերվել էին դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, տոպրակ, պոլիէթիլենային պարկեր ու լուցկու տուփեր, ծխամորճեր, էլեկտրոնային կշեռք և այլն: 22-ամյա դուստրը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ 55-ամյա հայրը կալանավորվել է: Ոստիկանության հակաթմրամիջոցային քաղաքականությունը շարունակական է. 2022 թվականը հայտարարվել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: