Հասարակություն

«Ռուս խաղաղապահները չեն կարողանում վերահսկել իրադրությունը». Արմեն Վարդանյան

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Արցախի գազամատակարարման խափանումների և ադրբեջանական զինուժի տեղաշարժի վերաբերյալ և կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին՝ օգտագործել ուղիղ կապի միջոցներ։ 

Radar Armenia-ն քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ զրույցում անդրադարձել է Արցախում ադրբեջանական զինուժի տեղաշարժին և ԱՄՆ-ի մտահոգությանը։

- Ըստ Ձեզ՝ ռուս խաղաղապահներն արցախյան սահմանում կատարո՞ւմ են իրենց ֆունկցիան և որքանո՞վ են արդարացնում Հայաստանի սպասումները։

- Ռուսական կողմը Հայաստանի սպասումները չի արդարացնում. դա փաստ է։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում։ Իսկ հիմա ադրբեջանցիները մի ամբողջ գյուղ են մտնում, ընդ որում՝ ռուսական կողմի թույլտվությամբ։

Ռուսական կողմի հորդորներով՝ հայկական ստորաբաժանումները ետ են քաշվել, ու ադրբեջանցիների համար ճանապարհ է բացվել, որ մտնեն Փառուխ։ Սա նշանակում է՝ ռուս խաղաղապահները առնվազն չեն կարողանում վերահսկել իրադրությունը, էլ չասեմ, որ, հնարավոր է, գաղտնի պայմանավորվածությունների մեջ լինեն ադրբեջանական կողմի հետ։

Դրանից առաջ էլ՝ Շուշիի այդ տարածքը, որտեղ ադրբեջանցիները վնասել էին Հայաստանից մատակարարվող գազատարն ու, փական դնելով, անջատել գազը, եղել է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

Մինչ այժմ ավելի շատ Հայաստան-Ադրբեջան սահմանին էին զինված բախումներ, փոխհրաձգություններ լինում։ Արցախում քիչ թե շատ հանգիստ էր, պահպանվում էր կայունությունը, կրակոցներ չկային։

- ԱՄՆ-ի մտահոգությունից և կոչից կարո՞ղ ենք ենթադրել, որ Նահանգները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում՝ շրջանցել Ռուսաստանին։

- ԱՄՆ-ին ձեռնտու չէ այս տարածաշրջանում պատերազմի բռնկումը, միշտ էլ ձեռք չի տվել, և իրենք՝ ի տարբերություն Ռուսաստանի, ամեն ինչ արել են, որ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծվի։

Ամերիկյան կողմը շատ լավ հասկանում է, որ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը պատշաճ չեն կատարում։ Մենք տեսնում ենք, որ հենց ռուս խաղաղապահների թույլտվությամբ է ադրբեջանական կողմն առաջ եկել, և այժմ ռեալ բախումների հավանականություն կա, եթե չասեմ՝ լայնածավալ պատերազմի։ Բնականաբար, Միացյալ նահանգները կոչ է անում, որ եթե ռուսական կողմն իր առաքելությունը պատշաճ չի կատարում, Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ կապի միջոցով խնդիրները կարգավորեն։

- Հայաստան-Ադրբեջան ուղիղ կապի միջոցով հնարավո՞ր է հանգստություն հաստատել Արցախի սահմանին։

- Մենք ունենք երկու խնդիր՝ թույլ չտալ լայնածավալ պատերազմ և ադրբեջանական զորքերը դուրս բերել Փառուխից։ Դրա համար պետք է հնարավոր բոլոր միջոցներին դիմել, այդ թվում՝ նաև ուղիղ կապ Ադրբեջանի հետ, Ռուսաստանի իշխանությունների, Արևմուտքի հետ բանակցությունների մեջ մտնել, բոլոր հնարավոր խողովակները պետք է օգտագործել։

Հայաստանը այս ուղղությամբ ջանքեր գործադրում է, երեկ ՀՀ պաշտպանության նախարարի ու Շոյգուի հեռախոսազրույցը, հավանաբար, դրա մասին է եղել։ Նույն ուղղությամբ պետք է տարվի նաև դիվանագիտական աշխատանք։ Իսկ դա արդյունք կտա, թե՝ ոչ, դժվար է ասել։ Ռուսական կողմի հետ, միանշանակ, պիտի աշխատենք, որովհետև Ադրբեջանի այս գործողությունները նաև ռուս խաղաղապահների հեղինակազրկմանն են ուղղված։ Եթե ռուսական կողմը թույլ տա ադրբեջանցիներին՝ մարսել այս վերջին քայլն, ապա նրանց խաղաղապահ հեղինակությանը, կարծում եմ, անվերականգնելի վնաս կհասցվի։

Ոսկեհատ Պողոսյան