Հասարակություն

«Առանց կենդանիների՝ կրկեսային ներկայացումը չի կարող ամբողջական լինել»․ Սոս Պետրոսյան

ԱԺ-ն այսօրվա նիստում ընդունեց «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է լիազորված մարմնի հաստատած ցանկում ընդգրկված վայրի կենդանատեսակների օգտագործումը կրկեսներում։

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում հիշեցրեց, որ այս միտքը նոր չէ, և նախկինում ևս այս հարցին անդրադարձել են. «Վայրի կենդանիները, կենդանավարժությունը կրկեսային արվեստի ամենաբարդ և գեղեցիկ ժանրերից է։ Առանց կենդանիների՝ կրկեսային ներկայացումը չի կարող ամբողջական լինել։ Ես արդեն 50 տարի կրկեսի ղեկավարն եմ. մարդիկ, որ գալիս են տոմս առնելու, միանգամից հարցնում են՝ կենդանի կա՞, թե՞ ոչ։ Եթե չկա, չեն առնում։ Պետք է կենդանավարժներն այնպես աշխատեն, որ դա հաճույք պատճառի ժողովրդին»։

Սոս Պետրոսյանի խոսքով՝ կենդանիների օգտագործումն արգելող հայտարարություն դեռ չեն ստացել. «Մենք կարող ենք նաև առանց կենդանիների, խնդիր չկա, բայց դա կլինի կիսատ։ Գուցե փողոցներում թույլ չտան, բայց կրկեսում... Օրինակ, հիմա, Մոսկվայի Նիկուլինի անվան կրկեսում, պատկերացնո՞ւմ եք՝ կենդանի չլինի, ամբողջը կենդանիներ են։ Կամ Մոսկվայի Զապաշնիների կրկեսը՝ առանց կենդանի, ուղղակի կրկեսային ներկայացում չի կարող լինել: Բայց, օրինակ, ունենք կանադական կրկես՝ «Ցիրկ Դուսուլին», որն առանց կենդանիների է, բայց երեխաները չեն գնա, չեն հասկանա։ Այդ ներկայացումը, երբ ռուսական մի քանի քաղաքում ելույթ ունեցավ, իրենք չկարողացան ապահովել ֆինանսական կողմը, որովհետև ժողովուրդը չէր գնում»։

Կրկեսի գեղարվեստական ղեկավարը հիշեցրեց հայկական կրկեսում իրենց ավանդն ունեցած փայլուն կենդանավարժներին. «Ժողովրդական արտիստ Ստեփան Իսահակյանը, ով ստեղծել է հետաքրքիր կենդանական տեսարան՝ «Քաջ Նազարի արկածները», այսինքն՝ թատրոնը միացրեց կրկեսին, այդ ատրակցիոնը երկար տարիներ հայկական կրկեսային կոլեկտիվում էր։

Միխայիլ Բաղդասարյանը ստեղծել է «Սասունցի Դավիթ» ատրակցիոնը։ Նա իր երեխաների՝ Կարինեի և Արթուրի հետ վայրի կենդանիներ էր վարժեցնում՝ առյուծներ, վագրեր։ Տիգրան Հակոբյանը բեմադրել է «Ջամբո» կոչվող ատրակցիոնը։ Նա կապիկների, ուղտերի հետ մինչև հիմա աշխատում է, այս պահին հուրախաղերի է։

Վերջին տարիներին շատ հաջող կենդանավարժությամբ զբաղվում է նաև Հայաստանի եզակի կրկեսավարներից մեկը՝ Նաիրա Պետրոսյանը»։

Ոսկեհատ Պողոսյան