Հասարակություն

Շիրակում և Լոռում պարեկային ծառայության ներդրման համար կհատկացվի 2,3 մլրդ դրամ

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ ոստիկանությանը կհատկացվի 2 մլրդ 30 մլն 100 հազար դրամ՝ Շիրակում և Լոռում պարեկային ոստիկանության ծառայության ներդրման նպատակով։

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ նշված գումարից 289,9 մլն դրամը կծախսվի այդ մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 ավտոմոբիլի ձեռքբերման, 67,2 մլն՝ այդ ավտոմեքենաների կահավորման, 1 մլրդ 670,1 մլն էլ՝ վարչական սարքավորումերի ձեռքբերման համար։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սա իրենց համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է. «Պարեկային ոստիկանության գործունեության արդունքները գոհացուցիչ են։ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, և մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն»։

Վարչապետն ասաց, որ գործընթացն առանց թերությունների ու բարդությունների չի անցնում, բայց ակնհայտ է, որ այս բարեփոխումն իրեն արդարացնում է։

Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն կներդրվի Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում և Արագածոտնում։

Շիրակում և Լոռում պարեկային ծառայությունը կգործի ապրիլից։