Հասարակություն

60 մլն դրամ՝ Սյունիքի 13 բնակավայրում կրթահամալիր կառուցելու կամ վերակառուցելու համար

Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվեց 67 մլն 125 հազար դրամ գումար՝ մի շարք բնակավայրերում կրթահամալիրների կառուցման կամ վերակառուցման համար։

Ներկայացնելով նախագիծը՝ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այդ գումարից  շուրջ 60 մլն-ը կհատկացվի Կապանի գյուղական բնակավայրերից, կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման նպատակով, ընտրված 13 բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Այսպիսով՝ Սյունիքի Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Եղեգ, Ծավ գյուղերում կկատարվի կրթահամալիրների վերակառուցում, Ներքին Հանդում ու Շիկահողում կկառուցվեն կրթահամալիրներ։ Վերին Խոտանան, Դավիթ Բեկ և Եղվարդ գյուղերում էլ կկառուցվեն մոդուլային շենքեր։

Վերը նշված 67 մլն դրամից 7 մլն-ն էլ կհատկացվի Կոտայքի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության համակարգի տեղադրման համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորեց. «Մենք չպետք է ունենանք աշակերտի տնից դեպի կրթահամալիր տանող որևէ վատ ճանապարհ։ Դա լուծելի խնդիր է»։