Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ նկատմամբ պատժամիջոցների և դրանց վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարությունների մասին Radar Armenia-ն զրուցել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։
-Պարո՛ն Բարսեղյան, Պուտինը հայտարարել է, թե ՍՍՀՄ-ն ապրել է պատժամիջոցների տակ և հասել հսկայական հաջողությունների։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, ՍՍՀՄ-ն ու Ռուսաստանը համարժե՞ք իրավիճակներում են։
-Ո՛չ, համարժեք իրավիճակներում չեն։ Ասել, որ Ռուսաստանը հեշտությամբ է տանելու այդ պատժամիջոցները, սխալ է։ Իր ասածը համարում եմ ներքին օգտագործման պրոպագանդիստական մտքեր՝ «դիմացեք, լավ կլինի»։ Իհարկե, Ռուսաստանը չի կործանվելու պատժամիջոցներից, բայց աննկարագրելի բարդ դրության մեջ է հայտնվելու երկիրը ու, հատկապես, մարդիկ, այդ թվում՝ հայերը, ովքեր այնտեղ աշխատում են։ Շատ լավատեսական են հնչում Պուտինի խոսքերը, բայց ես շատ եմ կասկածում այդ լավատեսությանը։
- Վլադիմիր Պուտինը նշում է, որ պատժամիջոցները տնտեսական և տեխնոլոգիական ինքնիշխանությունն ամրապնդելու հնարավորություն են: Դա այդպե՞ս է։
-Խոսքը, թե դա տնտեսությունը խթանելու միջոց է, կիսաճշմարտություն է՝ այն իմաստով, որ ոչ ոք չէր խանգարել Ռուսաստանին՝ մինչ պատժամիջոցները զարգացնել իր գիտությունը, տնտեսությունը և այլն։ Դա հուսահատ միջոց է, երբ գրեթե ողջ աշխարհից իզոլացվում ես, դատապարտված ես լինում՝ ներքին ռեսուրսները աշխատեցնել, որպեսզի գոյապահպանական խնդիրներ լուծես։ Չափազանց ծայրահեղ լավատեսական են հնչում մտքերը, թե «վերջապես կունենանք զարգացող ռուսաստանյան տնտեսություն»։ Ինչ-որ մեկն էլ ասել էր՝ «McDonald’s»-ը գնում է, մենք ռեստորանային համակարգ կբացենք»։ Ո՞վ էր ձեզ խոչընդոտում․ բացեիք։ Դրա համար հարկավոր էր պատերա՞զմ սկսել, ուրիշ երկրի վրա՞ հարձակվել, և պատժամիջոցնե՞ր կիրառվեին։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի դուրս գալը ԵԽ-ից։
-Հեռանալու որոշումը Ռուսաստանը իր շահերի պաշտպանության համար է կայացրել, և դա հասկանալի է։ Դրանով ինքը, իրականում, չի վնասում ԵԽ-ին։ Ինքը պաշտպանում է իր շահերը, ուզում է պաշտպանված լինել արդար դատական հայտերից և մի շարք պատժամիջոցներից։ Եթե չեմ սխալվում, մի քանի տարի առաջ Ռուսաստանը որոշեց, որ իր օրենսդրությունը վեր է միջազգային այն համաձայնագրերից, որոնք ինքը ստորագրել է։ Սա մի ապացույց է, որ Կրեմլը, իր հուսահատության մեջ, որոշում է իր երկիրը լրացուցիչ սահմանազատել աշխարհից։ Ինքն է կառուցում և ինքն է եղել նոր երկաթե վարագույրի կառուցման նախաձեռնողը։
- Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանն առաջարկել է հավաքվել Մոսկվայում՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի ձևաչափով, և քննարկել՝ ինչպես ապրել պատժամիջոցների տակ։ Եթե պատժամիջոցները Հայաստանի դեպքում չկան, պե՞տք է մասնակցենք հավաքին։
- Հայաստանը բազմաթիվ կախումներ ունի, և այդ կախումները Ռուսաստանից նոր չեն ձևավորվել։ Դրանք 30 տարիների ընթացքում են Հայաստանի իշխանությունները ձևավորել։ Ռազմական կարողությունները զիջելով Ռուսաստանին՝ Հայաստանը, բուռն կերպով զարգացնելով կոռուպցիան, յուրացնելով հանրային ռեսուրսները, ինքն էլ է թուլացել, ու պատերազմից հետո լրջագույն կերպով սրվել է այդ կապը։ Նույն Լուկաշենկոն իր ապօրինությունների պատճառով դարձավ գերի Կրեմլի ձեռքում։ Մինչև այդ պատերազմը, անշուշտ, բազմաթիվ խոսակցություններ կային այն մասին, որ Ռուսաստանը ջանալու է վերստեղծել ՍՍՀՄ-ն՝ ինչ-որ ձևաչափով, ոչ այնպիսի, ինչպիսին էր, բայց գոնե ինչ-որ վերակենդանացում կփորձի անել։ Եթե որևէ նախկին հանրապետության կամ Հայաստանի մասով փորձի ինչ-որ բան անել, բոլոր մնացած երկրները, այդ թվում՝ Հայաստանը, կարող են ասել՝ «գիտեք, մեր տնտեսությունը առանց այդ էլ մի բան չէ, Հայաստանի դեպքում երկու կողմից էլ ճամփեքը փակ են, մի բան էլ՝ ուզում եք լրացուցիչ սանկցիաների տա՞կ անցնենք»։ Շատ քաղաքավարի դա կարելի է բացատրել։ Իհարկե, դա չի նշանակում, որ Կրեմլը անմիջապես կհասկանա և ըմբռնումով կվերաբերի, բայց, կարծում եմ, այստեղ խնդիրը երկկողմանի է։ Մյուս կողմից էլ՝ Կրեմլին կարող է ձեռնտու լինել, որ Հայաստանը մնա գոնե իր համար դեպի աշխարհ բացվող պատուհաններից մեկը։ Ճիշտ է, փոքրիկ պատուհան, բայց կարևոր պատուհան, մանավանդ՝ որ դրանով կապվում է Իրանի հետ։ Այս իմաստով՝ շատ եմ կասկածում, թե ճնշումներ կլինեն։ Իմ կարծիքով՝ ճնշումներ կլինեն Հայաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների վրա, թե՝ «եկեք միանանք, ինչ-որ բան անենք»։ Շատ բարդ է պատկերացնել, թե այդքան ինքնավստահություն կունենա Կրեմլը, թեպետ, Կրեմլի վերջին հայտարարությունները վկայում են, որ իրականության զգացողությունը բավականաչափ կորսվել է։ Վերջին ապացույցը երեկ ստացանք Լավրովի այն ռեպլիկից, թե Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա։ Դա լուրջ մտածելու տեղ է տալիս, թե ցինիզմը մինչև ուր կարող է հասնել։ Լսել էինք պրոպագանդա, լսել էինք կեղծ տեղեկատվություն, բայց այդ կարգի պաշտոնյայի մակարդակով նման սուտ ասելը արդեն խոսում է պաթոլոգիայի, լուրջ առողջական խնդիրների կամ, ընդհանրապես, կոորդինատները կորցնելու մասին։ Կրկնում եմ՝ ՌԴ-ին գուցե անհամեմատ ավելի ձեռնտու կլինի ունենալ համեմատաբար ինքնուրույն Հայաստան, քան թե ստիպել մտնել Միութենական հանրապետության մեջ, ինչպես դա արվել է Բելառուսի դեպքում։
Անուշ Մկրտչյան