Հասարակություն

«Ծանր հիվանդությունների պատճառներից մեկը աղն է». սննդաբան

ՀՀ ԱՆ-ը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին կարգելվի աղաման դնելը, եթե հաճախորդը չի պահանջում։ Նախարարությունը մեկնաբանել է, որ Հայաստանում աղի օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված՝ օրական 5գ շեմը:

Radar Armenia-ի հետ զրույցում սննդաբան Հասմիկ Աբովյանը կարծիք հայտնեց, որ մեզ մոտ տարածված ծանր հիվանդությունների պատճառներից մեկը աղի չարաշահումն է. «Ամենաակնհայտը բարձր ճնշումն է։ Շատ մարդիկ աղի չարաշահման պատճառով հիպերտենզիա հիվանդություն (գերճնշում) ունեն, և նրանցից ոմանք անգամ չգիտեն դրա մասին։ Արյան և զարկերակային ճնշման բարձր թվերը դառնում են ինսուլտների և սրտամկանի ինֆարկտների պատճառ։ Աղի չարաշահումը բերում է քաշի ավելացման և ճարպակալման»։

Նրա խոսքով՝ կան մթերքներ, որոնք պարունակում են բավարար քանակով աղ. «Մենք չունենք հնարավորություն՝ ընդհանրապես աղ չօգտագործելու, քանի որ այլ մթերքների մեջ պարունակվում է բավարար չափի աղ՝ առանց մեր ավելացնելու, հետևաբար, մենք չենք կարող սննդակարգում բոլորովին չունենալ աղ»։

Հարցին, թե ինչով է պայմանավորված հայերի՝ աղ շատ օգտագործելը, սննդաբանը նշեց. «Կուլտուրայի, կրթության ցածր մակարդակով։ Կրթված մարդը չի կարող անընդհատ վնասակար սնունդ ուտել։ Ինֆորմացիան շատ բաց և հասանելի է. աղի, շաքարի վտանգի մասին տարրական տեղեկություններ կարելի է իմանալ»։

Ըստ սննդաբանի՝ օրենքը առայժմ երևացող օգուտներ չի տա. «Օրենքը արդյունք է տալիս այն երկրներում, որտեղ ժողովրդի մշակութային մակարդակը բարձր է, իսկ դա բարձր է այն երկներում, որտեղ ժողովուրդը ենթարկվում է պետության օրենքներին»։  

Աբովյանի կարծիքով՝ օրենքը ողջունելի է, և այն պահպանելու դեպքում 1-2 տարի հետո ինֆարկտների, ինսուլտների, ճարպակալամ քչացման դրական ստատիստիկա կունենանք. «Օրենքը էֆեկտ կտա այն դեպքում, երբ այն պահեն։ Մարդը պիտի հասկանա, որ սա իր օգտին է, որովհետև մեզ մոտ, չգիտես ինչու, ցանկացած օրենքի մասին մտածում են, որ իրենց դեմ է ուղղված։ Այս օրենքը ես դիտում եմ որպես փորձ՝ գրավելու հանրության ուշադրությունը, որ աղը վնասակար է և վտանգավոր առողջությանը»։

Անուշ Մկրտչյան