Հասարակություն

ՌԴ-ում խստացրել են միգրացիոն օրենսդրությունը

2021թ. դեկտեմբերի 29-ից աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործողների համար նոր կանոններ են սահմանվել

ՀՀ Միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում պետք է անցնեն բուժզննում։ Սա, ի դեպ, կարող է ներառել մի քանի այց, որպեսզի ստանան բժշկական փաստաթղթեր։

ՀՀ քաղաքացիների համար անհրաժեշտ է նաև գրանցվել՝ ըստ գտնվելու կամ բնակության վայրի։ Այս ընթացակարգերն անհրաժեշտ են դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում անցնելու համար։ Ապա անհրաժեշտ է տվյալ բժշկական փաստաթղթերը ներկայացնել ՌԴ ՆԳՆ լիազոր մարմիններին և անցնել դակտիլոսկոպիկ տվյալների հաշվառման ու լուսանկարման ընթացակարգերը։ Միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ ընթացակարգը տևում է 1-2 օր։

Այս գործողությունները պետք է կատարեն նաև ոչ աշխատանքային նպատակով ՌԴ մեկնողները։

Իսկ եթե քաղաքացին մտադիր է ՌԴ-ում մնալ 90 օրացուցային օրից ավելի, ապա պետք է նշված գործողությունները կատարի 90 օրվա ընթացքում։