Հասարակություն

Հայ աշակերտները՝ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում

Հայ աշակերտները՝ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ The Earth Prize բնապահպանական միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել են «Այբ» դպրոցի աշակերտները և անցել եզրափակիչ փուլ՝ ընդգրկվելով դիմորդ-թիմերի լավագույն տասնյակում։

Մրցույթում Հայաստանը ներկայացնում են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Իլյա Լալազարյանը, Նանե Ենգիբարյանը և Մերի Շուշանյանը՝ «Այբ» դպրոցի քիմիայի ուսուցիչ Լիլիթ Համբարձումյանի գիտական ղեկավարությամբ: Թիմը ներկայացրել է բժշկական դիմակների վերամշակման «Rene'Mask» նախագիծը։

Ըստ «RenéMask» նախագծի՝ առաջարկվում է միանգամից երկու առանցքային խնդրի՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և էներգիայի այլընտրանքային աղբյուրների աճող պահանջարկի լուծում։ Դիմակների քիմիական մշակմամբ հնարավոր է ստանալ հեղուկ վառելանյութ, որը կարող է օգտագործվել ջերմություն հաղորդող սարքերում և որոշ շարժիչներում։

Միջազգային մրցույթին հայտ էր ներկայացրել 114 երկրից 516 դպրոց, ընդհանուր՝ 650 թիմ։ Հայաստանը ներկայացնող «RenéMask» նախագծով «Այբ»-ի աշակերտները մրցելու են ինը թիմերի հետ Մեծ Բրիտանիայից, Վիետնամից, Շվեյցարիայից, Թայվանից, Կանադայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հարավային Կորեայից, Ճամայկայից և Քենիայից։ Լավագույն տասնյակի դպրոցներից են հեղինակավոր Eton Collage (ՄԲ), Havergal College (Կանադա), International School of Zug and Luzern (Շվեյցարիա) և այլն։

Հավելենք, որ The Earth Prize-ը բնապահպանական կայունության մրցույթ է 13-19 տարեկան նույն դպրոցի աշակերտների թիմերի համար։ Մրցույթի պահանջն էր, որ աշակերտները ներկայացնեին բնապահպանական որևէ խնդրի լուծում՝ միտված աշխարհն էկոլոգիապես ավելի կայուն դարձնելուն։

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մարտի 25-ին։ Աշակերտներն իրենց նախագիծն առցանց կներկայացնեն հեղինակավոր ժյուրիին։ Մրցանակային ֆոնդը 200 000 ԱՄՆ դոլար է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական