Քաղաքական

Սեյրան Օհանյան. Ադրբեջանը մեզ համար հիմա հարևա՞ն է

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայտարարություններին։

Սեյրան Օհանյանը շեշտել է՝ ադրբեջանական ուժերը պետք է միակողմանի հետ քաշվեն այն տարածքներից, որտեղ մխրճվել են հայկական տարածք:

Անդրադառնալով զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայտարարություններին՝ նա ասել է՝ ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում՝ որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե՞ այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է: «Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա ինքը պետք է հայելային միակողմանի հետ քաշվի իր տարածքներ»,- ասել է Օհանյանը՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնի հայկական կողմը:

«Սահմանազատման և սահմանագծման խնդիրները լուծելու համար նախ հակառակորդ, թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների: Պետք է ստեղծվի երկու հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով, և այդ հանձնաժողովները պետք է համապատասխան աշխատանք տանեն՝ այդ ճշգրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանը մեզ համար հիմա հարևա՞ն է՝  իր երկրի ղեկավարի ռազմական հռետորաբանությամբ, իր սադրանքներով, ռազմական փոքր լոկալ հարձակումներով ՀՀ սահմանում, էլ չեմ ասում Թուրքիայի ընդգրկվածությունն այդ հատվածում»,- ասել է Օհանյանը: