Ռուսական РБК-ն, հղում անելով Financial Times-ին, գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գործարք են կնքել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լարվածությունը նվազեցնելու համար, սակայն Կրեմլը սպասում է ԱՄՆ-ի կողմից իր պայմանների հաստատմանը։ Պուտինն ու Մակրոնը համաձայնության են եկել, որ Ռուսաստանը նոր «ռազմական նախաձեռնություններ» չի ձեռնարկի, գրում է թերթը՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնյաներին։ Բացի այդ, Մոսկվան համաձայնել է մասնակցել երկխոսության՝ կապված սեփական զինված ուժերի տեղակայման հետ։
Պուտինը համաձայնել է նաև դուրս բերել Բելառուսից մինչև 30 հազար ռուս զինվորական, որոնք ներգրավված են Մինսկի հետ «Դաշնակիցների վճռականություն-2022» համատեղ զորավարժություններին։ Այս հարցը կքննարկվի հետագա հանդիպումներում, որտեղ նախատեսվում է համաձայնագիր կնքել կոլեկտիվ անվտանգության հարցերի շուրջ կառուցվածքային երկխոսության մասին, իսկ Ռուսաստանը դեռ չի հաստատել գործարքի կնքումը։ «Այս բոլոր հարցերը պահանջում են Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի համաձայնությունը», -հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։