Ռետրո

«Խորհրդարանական հանրապետություններից ավելի հաճախ են բռնապետություններ ու նույնիսկ ֆաշիստական վարչակարգեր ծնվել»․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության ընդունման օր։ 1995թ․ հուլիսի 5–ին հանրաքվեի արդյոնքում ընդունվեց ՀՀ առաջին սահմանադրությունը։ Այս առթիվ Radar Armena-ն ներկայացնում է ՀՀ Գերագույն խորհրդում Սահմանադրության նախագծի մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ 1994թ․ հունիսի 13–ի ելույթը։

«Նախ և առաջ հարկ է անմիջապես նշել, որ տվյալ նախագծում նախատեսված է պահպանել հանրապետության կառավարման նախագահական համակարգը։

Հարկ է նշել անմիջապես, քանի որ, ըստ էության, սա է Սահմանադրության շուրջ ընթացող բուռն բանավեճերի հիմնական առարկան։ և այս դրությունը լիովին հասկանալի է, քանի որ Սահմանադրության ճակատագիրը վերջին հաշվով կախված է այն հարցից, թե կառավարման ինչպիսի համակարգ պետք է որդեգրի Հայաստանի Հանրապետությունը՝ նախագահական, թե՞ խորհրդարանական։ Նաև միանգամայն որոշակի է, որ այս հարցի շուրջ կոնսենսուսի ձեռքբերման դեպքում Սահմանադրության ընդունման կարգը կվերածվի զուտ տեխնիկական և հեշտ լուծելի խնդրի։

Ընդունելով հանդերձ տվյալ երկընտրանքի առկայության լրջությունն ու հիմնավորվածությունը, ես միանգամայն խոտելի եմ համարում այն էժանագին ամբոխավարական հնարքը, որով փորձ է արվում նախագահական համակարգը ներկայացնել որպես բռնապետական, իսկ խորհրդարանականը՝ որպես ժողովրդավարական վարչաձև։ Համենայն դեպս, պատմության փորձը ցույց է տվել, որ խորհրդարանական հանրապետություններից ավելի հաճախ են բռնապետություններ ու նույնիսկ ֆաշիստական վարչակարգեր ծնվել, քան նախագահական հանրապետություններից։

Այնպես որ, ժողովրդավարության հիմունքներով՝ նախագահական և խորհրդարանական համակարգերի հակադրումը պետք է համարել ի բնե սխալ և մերժելի։ Պետության ժողովրդավարության չափանիշը ոչ թե կառավարման համակարգի նախագահական կամ խորհրդարանական բնույթն է, այլ այն հանգամանքը, թե այդ վարչաձևերը հաստատվել են ազատ ընտրությունների միջոցով, թե՝ ոչ։ Ժողովրդավարության էությունը վերջին հաշվով ոչ այլ ինչ է, եթե ոչ ազատ ընտրություններ, որոնց միջոցով ժողովուրդը հնարավորություն ունի եթե ոչ ընտրելու անպայման լավ իշխանություններ, ապա գոնե ազատվելու վատ իշխանություններից։

Այսպիսով, ժողովրդավարության տեսակետից պետություններն իրարից տարբերվում են ոչ թե կառավարման համակարգերի հատկանիշով, այլ՝ իշխանությունների ընտրյալ կամ ոչ ընտրյալ լինելու հանգամանքով։ Ըստ այդմ, հավասարապես ժողովրդավարական են թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական համակարգերը, եթե նրանք հաստատված են ազատ ընտրությունների միջոցով, և, համապատասխանաբար, ոչ ժողովրդավարական են այլ ճանապարհներով հաստատված բռնապետությունները և միապետությունները։

Ես հարկադրված էի զայրույթ պատճառելու հանդգնությամբ մանրամասն կանգ առնել այս պարզ ու ծեծված ճշմարտությունների վրա, որովհետև նախագահական համակարգը որպես բռնապետություն ներկայացնելու միտումն արդեն սպառնում էր դառնալ մոլորեցուցիչ շահարկումների առարկա։ Իսկ ըստ էության՝ կառավարման նախագահական կամ խորհրդարանական համակարգի ընտրությունը կապված է ոչ թե ժողովրդավարության հանգամանքի, այլ այն հարց ի հետ, թե որքանով է այդ համակարգերից մեկը համապատասխանում տվյալ պետության պահանջներին ու առանձնահատկություններին և որքանով է այն ի զորու լուծելու տվյալ պետության առջև կանգնած խնդիրները։

Նման հարցադրումն, ահա, կլիներ միանգամայն տեղին ու առարկայական՝ դառնալով ոչ թե մտացածին, այլ լուրջ, հայեցակարգային բանավեճի նյութ։ Դժվար է, իհարկե, ընդհանուր բնույթի սույն ելույթի սահմաններում այս կարևոր հարցի շուրջ հանդես գալ համակողմանիորեն փաստարկված վերլուծությամբ, ուստի առայժմ կփորձեմ բավարարվել միայն մի քանի հիմնական դրույթների մատուցմամբ, որոնք թեև կարող են ձեզ համար որևէ նորություն չպարունակել։ Այս կապակցությամբ, նախ, նորից ստիպված եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի կեղծ մտավարժանքի վրա, որով փորձ է արվում նախագահական կամ խորհրդարանական համակարգերից մեկի նախընտրումը վերածել ազգային, հոգեբանական գործոնի։ Հաճախ կարելի է լսել. «մեր ազգային նկարագրին կամ մեր ազգային հոգեբանությանն ավելի համապատասխանում է խորհրդարանական, քան նախագահական համակարգը» և հակառակ հայտարարությունները, որոնց հիմնազրկությունը ակնհայտ է առաջին իսկ հայացքից։

Նախագահական կամ խորհրդարանական համակարգերից մեկի նախընտրումը իրականում կապված է ոչ թե ազգային կամ հոգեբանական գործոնների, այլ պետական ավանդույթների, քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակի, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման աստիճանի հետ։ Ուստի հարցի քննարկումը կարող է իմաստալից դառնալ միայ ն այս տեսանկյունով և միասնական մեթոդոլոգիական ելակետ սահմանելու պայմանով։

Իսկ այդ միասնական տեսակետն, իմ կարծիքով, հանգում է հետևյալին. պետականության և հասարակության զարգացման կոնկրետ կտրվածքում կառավարման նախընտրելի համակարգը որքանով է ի վիճակի ապահովելու օրենսդիր և գործադիր իշխանությունների արդյունավետ ու անխափան գործունեությունը և երրորդ՝ դատական իշխանության անկախությունը։

Մինչև այդ հարցի քննարկմանն անցնելը, սակայն, ըստ երևույթին, արժե պարզել, թե որն է կառավարման նախագահական և խորհրդարանական համակարգերի էական, սկզբունքային տարբերությունը։ Խոսքն ամենևին տերմիններին չի վերաբերում. պետությունը կարող էունենալ խորհրդարանի կողմից կամ նույնիսկ համաժողովրդական քվեարկությամբ ընտրված Նախագահ, բայց իրականում չլինել նախագահական։ Ամբողջ հարցն, ըստ էության, այն է, թե իշխանության ո՛ր մարմինն է ձևավորում կառավարությունը. եթե դա կատարում է Նախագահը, ապա մենք գործ ունենք զուտ նախագահական համակարգի հետ, իսկ եթե նշված իրավունքը վերապահված է խորհրդարանին, ապա տվյալ հանրապետությունը խորհրդարանական է՝ անկախ այն բանից՝

նա ունի Նախագահ, թե ոչ։ Իրավաբանական նրբություններն այստեղ որևէ դեր չեն խաղում։

Ձևական տեսակետից խորհրդարանական հանրապետություններում խախտված է իշխանությունների տարանջատման թեև ոչ բացարձակ, բայց համենայն դեպս հիմնարար սկզբունքը, քանի որ գործադիր իշխանությունը համարյա ամբողջությամբ կախված է օրենսդիր իշխանությունից։ Ձևական կողմն, իհարկե, նշանակություն չէր ունենա, եթե այդ կախվածությունը որևէ բացասական ազդեցություն չգործեր կառավարման համակարգի կենսունակության և՝ օրենսդիր ու գործադիր իշխանությունների գործունեության արդյունավետության վրա։

Ոչ ոք չի կարող ժխտել, իհարկե, խորհրդարանական համակարգի կենսունակությունը, սակայն ոչ ոք չի կարող ժխտել նաև, որ խորհրդարանական համակարգը կենսունակ է միայն այն պետություններում, որտեղ պատմականորեն ձևավորված են մեկ կամ առավելագույնը երկու-երեք լուրջ, զանգվածային կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրն ընդունակ է կազմել խորհրդարանական մեծամասնություն և դրա շնորհիվ ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը։ Իսկ խայտաբղետ, բազմակուսակցական խորհրդարանների ընտրության դեպքերում խորհրդարանական համակարգը հանգեցնում է թույլ կոալիցիոն կառավարությունների ձե ւավորմանն ու հարատև ներքին ցնցումների, որոնք շատ հաճախ ավարտվում են պետական հեղաշրջումներով և բռնատիրությամբ, կամ ոչ հազվադեպ՝ նաև օտար միջամտությամբ։

Խորհրդարանական համակարգի հաստատման դեպքում, իմ խորին համոզմամբ, Հայաստանին սպասում է, ահա, այս տխուր և ազգակործան ճակատագիրը, որովհետև մեզ մոտ մեկ կամ երկու-երեք լուրջ զանգվածային կուսակցություններ կարող են ձևավորվել լավագույն դեպքում միայն տասնյակ տարիներ հետո։

Ավելորդ եմ համարում այս համոզումը հիմնավորել պատմական փաստերով, որոնք անչափ առատ են։ Թերևս արժե այդ առումով հիշեցնել միայն Հայաստանի առաջին հանրապետության փորձը, որի գոյության երկուսուկես տարիների ընթ ացքում փոխվեց չորս կառավարություն։ Կարծում եմ, դեռևս չեն մոռացվել նաև ետկոմունիստական Հայաստանի պատմության առաջին տասներեք ամիսները, որոնք պետք է գնահատվեն որպես հանրապետության խորհրդարանի և կառավարության առճակատման ամենաթեժ ժամանակաշրջան, որովհետև կարճատև միջոցում նախ խորհրդարանը կամովին զրկվեց կառավարության ձևավորման լիազորությունից, իսկ այնուհետև հերթը հասավ կառավարության հրաժարականին։

Այսպիսով, ըստ ամենայնի, առնվազն առաջիկա մի քանի տասնամյակների հեռանկարում Հայաստան ի Հանրապետությունում կառավարման նախագահական համակարգն այլընտրանք չունի։ Եթե անգամ հանգամանքների բերումով Հայաստանում վերականգնվի խորհրդարանական կառավարումը, ապա միևնույն է, մի քանի տարի հետո մեր հանրապետությունը կրկին վերադառնալու է նախագահական համակարգին, բայց անհուն զրկանքների ու անհամար վնասների գնով։ Վստահ եմ սակայն, որ մեր ժողովուրդը թույլ չի տա այդ անհեթեթ սխալը։

Ասվեց արդեն, որ որևէ պետության կառավարման համակարգի կենսունակությունը պայմանավորված է նրանով, թե որքանով է այն ապահովում օրենսդիր և գործադիր իշխանությունների արդյունավետ գործունեությունն ու երրորդ՝ դատական իշխանության անկախություն»։