Ռետրո

Ի՞նչ կլինի, եթե փորձենք Բաքվի հետ բանակցել. չստանալը՝ կա ու կա. երրորդ ուժի բացառման օրենքը

Radar Armenia-ն ներկայացնում է 1990թ. Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածի վերջաբանը, որը բավականին ակտուալ է ներկայիս հանրային-քաղաքական հարաբերությունների համատեքստում։

Եվ այսպես, մեր անկախականներր կամովին, թե ակամա լիովին ապավինում են երրորդ ուժի՝ ՄԱԿ, Եվրախորհրդարան և այլն։ Դրանից ազգը միայն վնաս կարող է ունենալ։ Նորաստեղծ Ազգային անկախության կուսակցությունը կարծես ավելի խոհեմ է քայլում, թեև երրորդ ուժը, կարծեմ, մտքից բոլորովին հանել չի կարողանում։

«Արցախ» կոմիտեն նույնպես երրորդ ուժին ապավինելով սկսեց իր գործը։ Նա Արցախի ու Հայկ․ ԽՍՀ-ի վերամիավորումը ո՞ւմից էր խնդրում, պահանջում։ Մոսկվայից, այսինքն՝ հույս ուներ, որ այդ երրորդ ուժը մեր և ադրբեջանցիների վեճը կլուծի մեր օգտին։ 1988 թ. փետրվարին էր, կարծեմ, Լուսաշխի տանը ժողով եղավ, հավաքվել էին հայոց անվանիները՝ Ս. Կապուտիկյան, Զ, Բալայան, Ս. Խանզադյան, Ս. Սարգսյան, Արցախ կոմիտեից և այլն։ Բոլորը խոսում էին խիստ համոզված, որ Մոսկվան (երրորդ ուժը) վերակառուցման առիթով Արցախը մեզ է տալու։ Ես ասացի. «Մեր պատմության վերջին 300 տարվա ընթացքում Մոսկվան մեզ ոչ մի թիզ հող չի տվել, ինչո՞ւ եք կարծում, որ հիմա կտա, ի՞նչ հիմք ունեք։ Այդպիսի հիմք չեմ տեսնում»։ Ես մենակ մնացի երրորդ ուժին ապավինող ընդհանուր երգչախմբի մեջ։ Դրանից հետո Էլ երկար ժամանակ «Արցախ» կոմիտեն հույս ուներ, որ երրորդ ուժը մեզ Արցախ է տալու։ Ես կոմիտեին առաջարկել եմ Արցախի հարցով անմիջական բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Ինձ ասում են նրանք չեն տա։ Բայց,— ասում եմ,— չէ՞ որ Մոսկվան էլ չի տալու, իսկ Բաքվի հետ բանակցելը գոնե կմեղմի հայ֊ ադրբեջանական այս սոսկալի թշնամությունը և գուցե Արցախի հայության համար ավելի տանելի ազգային պայմաններ ստեղծվեն...

1921 թվից սկսած 68 տարի է, մենք Մոսկվա ենք ուղարկում դիմումներ, ստորագրություններ, պատմական փաստաթղթեր, խնդրագրեր և այլն՝ պահանջելով, խնդրելով հարցի արդար լուծում, այսինքն՝ Արցախի միացումը Հայկ. ԽՍՀ-ին։ Թղթային այդ հեղեղը երևի մի ամբողջ բեռնատար գնացքում կլինի տեղավորել, և ոչինչ չստացանք, այսօր միացումը գուցե ավելի հեռու է, քան 68 տարի առաջ։ Ի՞նչ կլինի, եթե փորձենք Բաքվի հետ բանակցել. չստանալը կա ու կա։

«Արցախ» կոմիտեի հռչակած «Մենք մշտական թշնամի ու մշտական բարեկամ չունենք» բանաձևը քայլ է դեպի երրորդ ուժին ապավինելուց հրաժարվելը, քաղաքական հասունացման որոշ նշան։ Այդպիսի նշան է նաև կոմիտեի հայտարարությունը պանթուրքիզմի վերաբերյալ (Գերագույն խորհրդի նստաշրջանում կարդացած)։ Բայց առայժմ այդ կոմիտեի գործունեության մեջ չի նկատվում լուրջ բեկում դեպի ազգի իսկական ինքնուրույնացումը։ Կոմիտեն էլ գրեթե անտարբեր է մեր լեզվի ու դպրոցի հարցերի և Հայաստանի վերահայացման գործի նկատմամբ։ Մինչդեռ որևէ հայկական կազմակերպության գծի ճշտությունը և գործի օգտակարությունը չափվում է նրանով, թե որքան է նախանձախնդիր Հայաստանի վերահայացման գործին։

Այս առիթով չմոռանամ ավելացնել, որ լեզվա ֊դպրոցական հարցից հետո հրատապ է նաև Հայաստանի բնությունը ապականությունից փրկելը։

1914 թ. դաշնակցությունը դեմ էր ռուսական բանակում հայ կամավորական ջոկատներ ստեղծելուն, բայց հետո ինքն սկսեց կազմակերպել այդպիսի ջոկատներ։ Արդյոք եթե նման իրողություն ստեղծվի, «Արցախ» կոմիտեն և մյուսներր նույնը չեն անի ամբոխի տարերքին ենթարկվելով։

Ինձ հարց եմ տալիս նաև. իսկ եթե առաջիկայում իրադրությունն այնպիսին դառնա, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Հարավային Կովկասից, մենք մահմեդականներով շրջապատված և միշտ երրորդ ուժին ապավինած, ի՞նչ վիճակ ենք ապրելու։ Դարձյալ հանկարծակիի ենք գալու, քանի որ պատրաստ չենք դրան։ Մեր մոսկովյանները, նրանց զինակիցներր, պարզ է, որ կչվեն Ռուսաստան։ Իսկ այս 29 հազարի վրա մնացածնե՞րս։ Այսօր, կարծում եմ, չկա հայկական մի կազմակերպություն, մի ուժ, որ կարողանա այս կտոր Հայաստանի ղեկավարությունը ստանձնել և մեր հարևանների հետ լրջորեն բանակցել։ Այդ ուժը պետք է ստեղծվի հիմա և երկխոսությունն էլ պետք է սկսվի հիմա ու մեր ժողովրդի ինքնուրույն գոյատևելու հնարավորության գաղափարն էլ պետք է պատվաստել հիմա։

Այո, ես համոզված եմ, որ հայերս ինքնուրույն կարող ենք գոյատևել մահմեդական շրջապատում, եթե շարժվենք ոչ թե զգացմունքով, ոչ թե վրեժի զգացողությամբ, այլ բանականությամբ։ Օրինակ վերցնենք Իսրայելից, որի զավակներից մոտ 7 միլիոն ոչնչացրեց Գերմանիան, բայց այսօր, Իսրայելը լավ հարաբերություններ է պահպանում թե Արևմտյան, թե Արևելյան Գերմանիաների հետ։ Կամ նույն Գերմանիան։ Ռուսաստանը մասնատեց այդ երկիրր երեք մասի (Արևելյան, Արևմտյան Գերմանիաներ և Արևմտյան Բեռլինը, նրա հողերից հսկայական տարածքներ պոկեց հանձնելով Լեհաստանին, Չեխոսլովակիային և մի մեծ կտոր էլ (Արևելյան Պրուսիան) իրենց վերցրեց։ Բայց այսօր երկու Գերմանիաներն էլ լավ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ։ Նման օրինակները շատ են։ Այդպես են գոյատևելու կամք ունեցող ազգերը։ Եթե մենք հայերս ուզում ենք գոյատևել այս հողակտորի վրա, մի ելք ունենք՝ օրինակ վերցնել Իսրայելից, Գերմանիայից և ուրիշներից, այսինքն՝ չմտածել, թե երրորդ ուժը միշտ Հայաստանում կլինի, հիշել, որ ամեն րոպե այն կարող է հեռանալ, և մենք մի ելք ունենք շարժվել ոչ թե վրեժի զգացումով, այլ գոյատևվելու բանականությամբ։ Եվ անպայման կգոյատևենք։ Այս դեպքում Աստված մեզ կօգնի։ Եվ երբ գոյատևենք, ամրանանք ու միշտ խելացի գործենք, մեր հողերն էլ աստիճանաբար կմիավորվեն Հայաստանի մեջ։

Իսկ եթե բանականությամբ չշարժվենք, եթե նորից հանձնվենք մեր զգացմունքներին, վրեժի կանչին, այս հողակտորն էլ կկորցնենք և մենք ազգովին կկորչենք։

300 տարի մենք ապավինել ենք երրորդ ուժի և 300 տարի անընդհատ կորցրել ենք։ Այս կտոր հողը պահպանեցինք, քանի որ երրորդ ուժի չապավինեցինք, այդ ուժը բացառեցինք։ Մեզ պետք է դաս տա Արամ Մանուկյանը։

Եվ այսպես, այսօր մեր միակ ճիշտ ուղին և առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի հոգեկան և մտավոր ինքնուրույնացումն ու անկախացումն է, Հայաստանի վերահայացումը՝ երրորդ ուժի բացառման օրենքով։

Հայոց հարցը ոչ ոք չի լուծելու։ Լուծողը միայն մենք՝ հայերս ենք։ Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրառենք երրորդ ուժի բացառման օրենքը։