Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD406.41

EUR387.71

RUB6.43

Երևան 24 ℃

Рус Eng

Ես երբեք Ռոբերտ Քոչարյանի դեմ դուրս չեմ գալու, հույսներդ կտրեք. Վազգեն Սարգսյանը՝ 1999թ.

Ռետրո

28 Օգոստոսի, 20:28

Radar Armenia-ն ներկայացնում է 1999թ. ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ելույթի հատվածը ՀՀԿ համագումարում։ Սարգսյանը խոսում է նախկին իշխանությունների և պետական այրերի հետ իր հարաբերությունների մասին։

Եթե կան անվստահության տարրեր, կարող ենք նստել, խոսել, հանել անվստահությունը։ Եթե անվստահությունն ինձանից է գալիս, ես պատրաստ եմ ավելի երկար խոսել ձեզ հետ և պատրաստ եմ ավելի չեզոք լինել։ Եվ քանի որ իմ մասին ասացի. ուզում եմ ասել մի քանի խոսք նաև իմ մասին։ Հանիրավի ուռճացված է իմ դերակատարությունը քաղաքական գործընթացներում, հանիրավի։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ոչ Ռոբերտ Քոչարյանի օրոք ես չեմ մասնակցել տնտեսական քաղաքականությանը։ Ես չեմ մասնակցել կադրային քաղաքականությանը, եթե ինձ մասնակից չեն դարձրել դրան։ Ես աշխատել եմ յոթ վարչապետների հետ և ոչ մեկի հետ անձնական կոնֆլիկտ չեմ ունեցել, կարող եք հարցնել իրենց։ Ոչ մեկին չեմ ծեծել, ոչ մեկին հանրապետությունից չեմ քշել։ Հակառակը, ես նրա հետ խոր բարեկամական, ընտանեկան 19 կապեր ունեմ։ Չեմ մասնակցել սեփականաշնորհման գործընթացին, և ես ինքս ոչինչ չեմ սեփականաշնորհել։ Կլաններ չեմ ստեղծել և նպատակ չունեմ, քանի որ համարում եմ կլանայնությունը մեր երկրի ամենամեծ վտանգներից մեկը։ Ի պաշտոնե և նաև կենսագրությամբ պատերազմող երկրի պաշտպանության նախարարը չէր կարող մասնակից չլինել քաղաքական գործընթացներին։ Եթե նախարարը չմասնակցեր, ուշադիր լսեք, խնդրում եմ, ամբողջ բանակն էր դառնալու քաղաքական գործընթացների մասնակից։ Ես իմ անձով կանգնել եմ արանքում, հասարակության քաղաքական ուժերի և բանակի արանքում` ստանալով հարվածներ և ներքևից, և վերևից։ Շա՞տ եք ուզում` կարող եմ դուրս գալ քաղաքականությունից։ Բայց այդ դեպքում պիտի նկատի ունենաք նաև այս հեռանկարը։

Ես դեմ եմ բանակի քաղաքականացմանը, ես դեմ եմ Թուրքիայի տարբերակին։ Հաջորդ պաշտպանության նախարարն այլևս ընդհանրապես չի մասնակցի քաղաքականությանը, եթե գործընթացները ճիշտ գնան, եթե իհարկե, ծածկվեն տնտեսական, բարոյական, սոցիալական բոլոր դաշտերը, որոնք ուղղակիորեն առնչվում են բանակին։ Բանակն այս հասարակության բաղկացուցիչ մասն է, հասարակության հայելին է, և տնտեսության բացթողումները, սոցիալական բացթողումները, քաղաքական բացթողումները ուղղակի հարվածում են բանակին։ Եվ եթե բանակը արյուն է տվել այս երկրի համար, ապա բանակը, բնականաբար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իր ճակատագրին, պիտի որ մասնակից դառնա գործընթացին։ Այլ հարց է` ամբողջ բանակո՞վ, թե նախարարով։ Որոշեք ինքներդ։ Ռոբերտ Քոչարյանի և իմ հարաբերությունների մասին։ Վերջին մեկ տարվա ընթացքում ով չի հոգնել, այդ մասին խոսել է։ Ասում եմ մեկընդմիշտ, առաջին և վերջին անգամ, որովհետև ավելորդ ճամարտակությունների կարիք չունեմ, մենք մտերիմ ընկերներ ենք, մենք մարտական ընկերներ ենք, կապված ենք նաև ճակատագրով։

Ես երբեք Ռոբերտ Քոչարյանի դեմ դուրս չեմ գալու, հույսներդ կտրեք։ Մենք նաև ապացուցելու բան ունենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանալով` մեզ վրա մեծ պատասխանատվություն է թողել։ Մենք համոզված ենք, որ ճիշտը մենք էինք, բայց դեռ ձեզ և ժողովրդին էլ պիտի ապացուցենք, որ ճիշտը մենք ենք։ Մենք ճակատագրով ենք կապված իրար։ Նախագահական արտահերթ ընտրությունների մասին մտքներիցդ հանեք։ Նախագահական հաջորդ արտահերթ ընտրությունները Հայաստանի համար կարող են կործանարար լինել։ Խուլ խմորվող դժգոհությունները նախագահից սպասվելիք վճռական քայլերի մասին ժամանակից շուտ են։ Նախագահը նախագահ դառնալուց անմիջապես հետո սուրը չէր հանելու ճոճեր։ Գալու է այդ վճռական քայլերի ժամանակը. լինելու են այդ վճռական քայլերը, ես համոզված եմ և ուզում եմ, որպեսզի համոզված լինեք։ Եվ ես ինքս այսօր, նաև այս պահին ինչ որ անում եմ` անում եմ պետության համար, անում եմ բանակի համար, անում եմ նախագահի համար նաև։ Այլապես կարող էի, եթե քիչ ավելի էգոիստ լինեի, ընտրել կողքից նայողի, ինչու չէ, նաև հերոսի կեցվածք։ Կամ էլ կողքից կանգնել և ասել` ես եմ, իմ բանակը, բանակը համարում եմ պետության սյունը, ոչ մի բանի չեմ խառնվում, ինչ ուզում եք` արեք։

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իմ հարաբերությունների մասին. հարգել, գնահատել և հարգում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Իմաստուն և բարոյական մարդ ու գործիչ է։ Լևոն ՏերՊետրոսյանը հեռացավ` իր հետ տանելով իր համոզմունքները, թողնելով դաշտը մեզ։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը որոշեր չհեռանալ, ոչ ոք նրան չէր կարող հեռացնել։ Եվ այն ճամարտակությունները, թե Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրեցին, և ժամանակավրեպ էր, և ո՞վքեր հեռացրեցին` սկսած Վազգեն Սարգսյանից դուրս եկավ մինչև Ղարաբաղի Մուրադիկ, անհեթեթ ու ծիծաղելի են։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհեռանար, ոչ ոք նրան չէր հեռացնելու։ Եթե ինքը ինձ հեռացներ որպես պաշտպանության նախարարի, ես հեռանալու էի։ Բայց այդ դեպքում պատասխանատվությունը իր վրա կմնար։ Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա։ Այստեղ պատասխանատվության խնդիր կա, ոչ թե մեկս մյուսին հեռացնելու։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանին դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել։ Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ և Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ եղած մի խումբ մարդկանց շուրջ։

Վանո Սիրադեղյանի հետ իմ հարաբերությունների մասին, Վանոն իմ ընկերն է, ինչպես 20 որ իմ ընկերներն են Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Սամվելը, Բաբկենը, մյուսները։ Մենք միասին ահավոր ճանապարհ ենք անցել։ Եղել են օրեր, երբ երկրի և մեր ճակատագիրը կախված է եղել մազից։ Մենք հաղթահարել ենք այդ դժվարությունները, և դա մոռանալու բան չէ։ Եթե ուզում եք ճիշտն իմանալ, իմ անձնական կարծիքը վերջին գործընթացների մասին հետևյալն է, հարցը ոչ կալանավորման հետևանքով, այլ քրեական գործ հարուցելու տարբերակով պիտի մտներ դատարան և դատարանում որոշվեր, թե որտեղ է ճշմարտությունը։ Աղուհացի կատեգորիան, իհարկե, քաղաքական կատեգորիա չէ։ Բայց կներեք, հարազատությունն էլ քաղաքական կատեգորիա չէ, հայր ու որդի հարաբերությունն էլ քաղաքական կատեգորիա չէ։ Ի՞նչ եք առաջարկում` ես դառնայի Պավլիկ Մարոզո՞վ։ Աղանդներն ու հոմոսեքսուալիստները դարձել են քաղաքական կատեգորիա։ Բայց վաղը եթե ամբողջ աշխարհը լցված լինի աղանդներով ու հոմոսեքսուալիստներով, ես նրանց պաշտպանել չեմ կարող, որովհետև ես դեմ եմ «քաղաքականության մեջ չկա բարոյականություն» սկզբունքին։ Գոնե ներքին քաղաքականության մեջ կա` բարոյականություն։ Իմ հանգամանքում ես համոզված եմ, որ արտաքին քաղաքականության մեջ էլ կա բարոյականություն։ Իմ հարաբերություններն իմ պարտնյորների հետ դրսում ստացվել են միայն բաց քաղաքականության պատճառով, փոխադարձ վստահության պատճառով և, կարծում եմ, վատ չեն ստացվել։ Ինչ վերաբերում է քաղաքական պատվերին, ուզում եմ ձեզ ասել, որ որևէ կապ չունի դա քաղաքական պատվերի հետ, ես ինքս քաղաքական պատվեր թույլ չէի տա։ Ուղղակի Ռոբերտ Քոչարյանը չէր կարող հարցը ԱԺ չմտցնել,այն հարցը, այն խոսակցությունները, որ արդեն 4-5 ամիս պտտվում էին քաղաքում։ Սահմանափակեմ։

Ես չեմ ուզում դառնալ նախագահ։ Ես չեմ ուզում դառնալ ԱԺ նախագահ։ Ես չեմ ուզում դառնալ վարչապետ։ Ես ուզում եմ մնալ պաշտպանության նախարար։ Ես համարում եմ, որ բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն է։ Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը և հակառակը։ Ես համարում եմ, որ ես լավ պաշտպանության նախարար եմ։ Ես համարում եմ, որ ես շատ գործ ունեմ անելու այդ համակարգում։ Գոնե 2-3 տարի դեռևս անչափ մեծ ծավալի աշխատանք կա, ես կարող եմ դա անել։ Ես տեսնում եմ, թե ինչ պիտի անել։ Բայց ես նաև զինվոր եմ։ Եթե հանրապետության նախագահը վաղը գտնի, որ ես այլ ոլորտում եմ պետք, կարևոր չէ` պաշտոնի բարձրացում է, թե ցածրացում, ես պատրաստ եմ զինվորի պես իմ պարտքը կատարել։ Թերևս այսքանը իմ մասին։ Կարծում եմ, բոլոր ասեկոսեների պատասխանը սպառիչ տվեցի։ Այս խնդիրներին այլևս չեմ անդրադառնալու։

Ամփոփեմ խոսքս։ Ես հավատում եմ Հայաստանի ապագային։ Ես հավատում եմ մեր տնտեսական, գիտական ներուժին։ Ես համոզված եմ, որ ինքներս ենք մեր տունը շինելու, բոլորս միասին։ Ես համոզված եմ, որ միայն միասնականության դեպքում, ոչ մերկապարանոց բացականչությունների, այլ իրական, գիտակից միասնականության դեպքում միայն դրական լիցքերով մենք կարող ենք ոտքի կանգնեցնել մեր երկիրը։ Պիտի կրկնեմ իմ խոսքերը` Հայաստանը երբեք ավելի մոտ չի եղել վերջնական հաղթանակին։ Մենք ունենք կայուն, մնայուն արժեքներ։ Կայուն, մնայուն արժեքների այդ դաշտի վրա, մենք ունենք հուսալի հնարավորություն` կառուցելու մեր երկիրը, և 21-րդ դարը շինելու Հայաստանի դար։ Սա է իմ համոզմունքը։ Սա է շարժման համոզմունքը։ Կոչ եմ անում բոլորիդ` համերաշխության պայմաններում միասնական լուծել այս խնդիրը։ Եվ ամենևին կարևոր չէ, թե ով կառաջնորդի այդ շարժումը։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»