Ռետրո

Խորհրդային Հայաստանի 13 վարչապետները (Լուսանկարներ)

Հայաստանի Երկրորդ Հանրապետությունն ունեցել է սոսկ շուրջ 70 տարվա կյանք։ Այդ ընթացքում Հայաստանը գտնվել է ԽՍՀՄ կազմում և, մեծ հաշվով, զուրկ է եղել ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունից։ Սակայն պետությունն ուներ իր կառավարման մարմիններն ու համակարգ, որոնց համատեքստում առանցքային տեղ էին զբաղեցնում ինչպես ֆորմալ իշխանության մարմինները՝ օրենսդիրն ու դատական իշխանությունը, այնպես էլ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոն և առաջին քարտուղարը։ Դրանով հանդերձ՝ երկրի գործադիր իշխանությունը ապահովում էր քաղաքականության իրացումը և ՀԽՍՀ տարբեր փուլերում այն եղել է պետության կենտրոնական ապարատը։ Այդ համատեքստում Radar Armenia-ն ներկայացնում է Խորհրդային Հայաստանի կառավարությունների բոլոր ղեկավարներին։ 

Ալեքսանդր Մյասնիկյան - 01.01.1921— 30.01.1922

Խորհրդային Հայաստանի առաջին գործադիր իշխանության ղեկավարը Ալեքսանդր Մյասնիկյանն էր։ Ծնվել է 1886թ.՝ Նոր Նախիջևանում, հայ վաճառականի ընտանիքում։ 1906թ.-ից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914թթ. կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական գործունեությունը շարունակել ռազմաճակատում։ 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո գլխավորել է բոլշևիկյան խմբերի աշխատանքները Կարմիր բանակում, ապա ընտրվել Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։ Ընտրվել էր Բելառուսիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿբկ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։

Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿբկ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։ Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների՝ Խորհրդային Հայաստան գալու և այստեղ գործունեություն ծավալելու համար։ 

1921թ. հուլիսի 4-5-ը Մյասնիկյանը մասնակցել է ՌԿբկ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։ Զոհվել է 1925թ. մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից։ Ըստ ուսումնասիրողների՝ ամենևին էլ բացառաված չէր, որ ավիավթարը ոչ թե պատահականության, այլ կազմակերպվածության արդյունք էր և դրա թիկունքում եղել է Բերիան։

Ալեքսանդր Մյասնիկյան - 01.01.1921 - 30.01.1922

Խորհրդային Հայաստանի առաջին գործադիր իշխանության ղեկավարը Ալեքսանդր Մյասնիկյանն էր։ Ծնվել է 1886թ.՝ Նոր Նախիջևանում, հայ վաճառականի ընտանիքում։ 1906թ.-ից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914թթ. կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական գործունեությունը շարունակել ռազմաճակատում։ 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո գլխավորել է բոլշևիկյան խմբերի աշխատանքները Կարմիր բանակում, ապա ընտրվել Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։ Ընտրվել էր Բելառուսիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿբկ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։

Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿբկ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։ Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների՝ Խորհրդային Հայաստան գալու և այստեղ գործունեություն ծավալելու համար։ 

1921թ. հուլիսի 4-5-ը Մյասնիկյանը մասնակցել է ՌԿբկ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։ Զոհվել է 1925թ. մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից։ Ըստ ուսումնասիրողների՝ ամենևին էլ բացառաված չէր, որ ավիավթարը ոչ թե պատահականության, այլ կազմակերպվածության արդյունք էր և դրա թիկունքում եղել է Բերիան։

Սարգիս Լուկաշին (Սրապիոնյան) - 01.02.1922—30.01.1925

Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյանը) ծնվել է 1885թ. հունվարի 12-ին Նոր Նախիջևանում։ Հանդիսացել է խորհրդային կուսակցական գործիչ և կառավարության ղեկը ստանձնել Մյասնիկյանի մահից հետո։ Լուկաշինի գործունեության շրջանում է Հայաստանում տեղի ունեցել տնտեսական վերափոխումները՝ ռազմական կոմունիզմի քաղաքականությունից անցում կատարելով նոր տնտեսական քաղաքականությանը։ Ռազմական կոմունիզմի քաղաքականությունը, որը փաստացի ոչնչացրել էր երկրի ներսում տնտեսական հարաբերությունները փոխարինվեց նոր տնտեսական քաղաքականությամբ և դրա հաջողության գործում մեծ դեր կատարեց անձամբ Լուկաշինը։ Թեպետ քաղաքականությունը սահմանվում էր Մոսկվայի կողմից, սակայն Լուկաշինի անձնական ներդրումը այդ համատեքստում էական էր։ 

Սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Փետրվարյան հեղափոխության օրերին ընտրվել է զինվորական կոմիտեի նախագահ։ 1918-1921թթ. ղեկավար աշխատանք է տարել Դոնի մարզում, 1921-1922թթ. եղել է ՀԿԿ կենտկոմի քարտուղար։ Միաժամանակ ՀՍԽՀ Ժողտնտխորհի նախագահն էր։

1925թ. կառավարությունից դուրս մղվելուց հետո Լուկաշինը փոխադրվել է Թբիլիսի ու ստանձնել է Անդրֆեդերացիայի ժողկոմխորհի տեղակալի պաշտոնը։ Նա ԽՍՀՄ-ում տարածված բռնաճնշումների զոհերից եղավ։ Մեղադրվեց որպես «հակապետական գործիչ», «օպոզիցիային հարած» և 1937թ. գնդակահարվեց։

Սարգիս Համբարձումյան - 01.02.1925— 30.01.1928

Ծնվել է 1870թ., Շուշիում: Նրա մասին ասում են՝ պրոֆեսիոնալ հեղափոխական: Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1918թ. Շուշիի գրավումից հետո բանտարկվել է: 1921թ. եղել է ՀՍԽՀ առողջապահության նախարար:

Ս. Համբարձումյանի պաշտոնավարության օրոք ավարտվեց Հայաստանի տնտեսության վերականգնման առաջին փուլը. այդ ընթացքում կառուցվեցին մի շարք հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Երևանի առաջին և երկրորդ, Լենինականի հիդրոէլեկտրակայանները: 1927թ. սկսվեց Ձորագետի ՀԷԿ-ի կառուցումը, որի փականն այդ ժամանակաշրջանում աշխարհում ամենամեծն էր: Վերականգնվեցին նաև Զանգեզուրի պղնձահանքերը և Ալավերդու պղնձաձուլարանները:

Ս. Համբարձումյանը պաշտոնավարեց մինչև 1928թ.: Մահացել 1944թ.: 

Սահակ Տեր-Գաբրիելյան - 01.02.1928— 30.01.1935

Ծնվել է Շուշիում 1886թ.: «Շուշեցի ուշիմ ու եռանդուն տղան՝ ռեալական դպրոցը կիսատ թողած, իրեն գցում է նավթի քաղաք և 14 տարեկանից խառնվում հեղափոխական շարժմանը: 1918թ. Շահումյանը Կոմունայում նրան է վստահում այն ամենը, ինչ տվյալ պահին ամենից կարևորն էր», - նրա մասին պատմում են ժամանակակիցները:

1920թ. եղել է Հեղկոմի անդամ: 1921-ից Հայաստանի մշտական ներկայացուցիչը Մոսկվայում: Նա իրեն պարտավորված էր զգում հոգալ Հայաստանի բոլոր կարիքները, որպեսզի երկիրը շուտ ոտքի կանգնի: Մտերիմ էր Աղասի Խանջյանի և Մաքսիմ Գորկու հետ. Գորկին, երբ եկել էր Հայաստան, հանգրվանել էր Սահակ Տեր-Գաբրիելյանի տանը:

Նրա պաշտոնավարության ժամանակ ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր: Բարդ ժամանակաշրջան էր բաժին ընկել Ս. Տեր-Գաբրիելյանին. կոլեկտիվացման ծանր օրեր էին: Հայաստանում տեղի ունեցան գյուղացիական մի շարք ապստամբություններ, որոնք առավել դժվարացրին կառավարության աշխատանքները:

Որպես մարդ՝ նա սակավապետ էր, համեստ, բայց և միաժամանակ՝ ուներ մարտական խառնվածք:
Նա ևս զոհ գնաց ստալինյան բռնությանը: Տեր-Գաբրիելյանը համարձակություն էր ունեցել 1931թ. Ստալինի ներկայությամբ ընդդիմանալ Լավրենտի Բերիայի առաջ քաշմանը՝ որպես Անդրկովկասյան դաշնության ղեկավար: Հասկանալի էր, որ նման վերաբերմունքն աննկատ չէր մնալու և ստանալու էր համապատասխան արձագանք:

Ըստ «պաշտոնական ամփոփագրի»՝ 1937թ. օգոստոսին Ստալինին հաղորդվում է, որ Տեր-Գաբրիելյանը, որը կալանքի տակ էր, «ինքնասպանություն» է գործել՝ երրորդ հարկի պատուհանից դուրս նետվելով:

Տեր-Գաբրիելյանի հեղափոխական մականունն էր Տեր: Եվ այդպես՝ երկրի իրական տերերը՝ ստալինյան բռնապետության տարիներին քավության նոխազներ էին դառնում՝ վասն «հայր Ստալինի», որը փորձում էր անհատականությունների հզոր բանակը «հոտի վերածել»:

Արամ Փիրուզյան - 01.02.1937 - 30.01.1943

Ծնվել է 1907թ. Բաքվում: Տնտեսական գիտությունների թեկնածու էր: Աշխատանքային կենսագրությունն սկսել է Ալավերդու պղնձաձուլական գործարանից: Կատարել է պետական-վարչական տարբեր աշխատանքներ՝ հիմնականում մինիստրական: Նրա պաշտոնավարության օրոք էր, որ սկսվեց Մեծ հարենական Պատերազմը:

Լինելով ժողկոմխորհի նախագահ՝ նրա հիմնական գործերից մեկը եղավ այն, որ կազմակերպեց գործարանների ռազմական արտադրանքի թողարկումը: Գյուղատնտեսության արտադրանքի մի մասը ևս նրա անմիջական ղեկավարությամբ առաքվում էր ռազմաճակատ: Կառավարությունն այդ օրերին լուծելով բացառապես տնտեսական խնդիրներ՝ իրականացնում էր «Ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հաղթանակի համար» կարգախոսը. այս կարգախոսի ներքո իրականացավ Ա. Փիրուզյանի պաշտոնավարության ողջ շրջանը:

Սահակ Կարապետյան -01.02.1947 - 30.01.1952

Ծնվել է 1906թ. Արմավիրի մարզի Արմավիր գյուղում: Ֆիզիոլոգ էր՝ բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ: Կատարել է բազմաթիվ գիտական նորամուծություններ, դրանք վերաբերում են հիմնականում գյուղատնտեսական ոլորտին. կենդանիների բազմացմանը, վերարտադրության ֆունկցիայի խթանմանը: Աշխատել է նաև ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար (1944-1947թթ.):

Հերթական հնգամյա պլանի իրականացման ժամկետը բաժին հասավ Սահակ Կարապետյանին: Նրա պաշտոնավարության ընթացքում տեղի ունեցավ մեծ ներգաղթը:

Այդ ընթացքում էր նաև, որ տեղի ունեցավ խորհրդային ժողովրդի համար ամենացավոտ իրադարձություններից մեկը՝ 1949թ. բռնագաղթը՝ աքսորը. ավելի քան 12 հազար հայ աքսորվեց Ալթայի մարզ: 

Անտոն Քոչինյան - 01.02.1952 - 30.01.1966

Ծնվել է 1913թ. Լոռու մարզի Վահագնի գյուղում: Ավարտել է Երևանի Կոմունիստական գյուղատնտեսական դպրոցը: Բարձրագույն կրթություն չէր ստացել: Սակայն օժտված էր բնածին խելքով և խոր հեռատեսությամբ: Աշխատել է որպես լրագրող, ապաև՝ խմբագիր: Եղել է ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար (1939-1941):

Անտոն Քոչինյանն այն քչերից է, որ բավականին երկար՝ ավելի քան 13 տարի, աշխատեց որպես նախարարների /Մինստրների/ խորհրդի նախագահ: Նա տիրապետում էր կուսակցական և պետական ղեկավար աշխատանքների գաղտնիքներին, և լավ գիտեր, թե Կենտրոնի, հարևանների և անգամ ենթականերից յուրաքանչյուրի հետ ինչ «լեզվով» խոսի: Նրա պաշտոնավարումը համընկավ խրուշչովյան ձնհալի տարիներին, և որոշակի փոփոխություններ կատարվեցին ոչ միայն տնտեսական դաշտում, այլև՝ գաղափարական. Խրուշչովը փորձում էր սահմանափակել կուսակցության գործունեությունը և ավելի շատ տեղ տալ գործադիր մարմիններին:

Անտոն Քոչինյանի պաշտոնավարության ժամանակ սկսեց կառուցվել Արփա-Սևան ջրատարը: Երևանում մետրոպոլիտեն կառուցելու նախաձեռնությունը պատկանում է Անտոն Քոչինյանին. այն հետո կյանքի կոչեց Կարեն Դեմիրճյանը: Հետաքրքիր պատմություն է պատմվում. «Երբ Վ.Ի.Բրեժնևը Երևան էր եկել. օդանավակայանից դեպի Երևան ճանապարհին «խցանում» առաջացավ. քաղաքը մեծացել է ևառանց մետրոպոլիտենի այլևս հնարավոր չէ», -ասել էր «թանկագին Լեոնիդ Իլյիչին» Քոչինյանը: Լեոնիդ Իլյիչն էլ չէր մերժել հմուտ ղեկավարին:

Յակով Զարոբյանի (ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար) ստորագրության հետ ատոմային էլեկտրակայանի կառուցման որոշման տակ դրված է նաև Անտոն Քոչինյանի ստորագրությունը, որոշմամբ պետք է բավարարվեր Հայաստանում էներգետիկ ռեսուրսների աճող պահանջարկը:

Հիսուներեքամյա Մինիստրների խորհրդի նախագահը, որը 13 տարի ղեկավարել էր գործադիր իշխանությունը, 1966-ին դարձավ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ևս 12 տարի ղեկավարելով Հայաստանը. 1974-ին նա ստիպված էր թողնել այդ պաշտոնը՝ «ղեկավարման մեջ լուրջ թերությունների առկայության պատճառով»: Ասում են՝ տարիներ շարունակ, մինչև իր մահը՝ 1989թ., նա հաճախ էր լինում պետական արխիվում ու ընթերցում իր ստորագրած փաստաթղթերը: Նրա պաշտոնավարման օրոք է կառուցվել Եղեռնի հուշարձանը:

Աղասի Սարգսյան - 01.02.1943 - 30.01.1947

Ծնվել է 1905թ. Եղեգնաձորում: Սովորել է Նովոչերկասկի գյուղատնտեսության և մելիորացիայի ինստիտուտում: Աշխատել է որպես դասախոս: Եղել է ՀԿ/Բ/Կ կենտկոմի երրորդ, ապա և՝ երկրորդ քարտուղար:

Նրա պաշտոնավարության օրոք պատերազմը դեռ շարունակվում էր: Պատերազմն ավարտվեց: Երկիրը կանգնեց նոր դժվարությունների առաջ. անհրաժեշտ էր արտադրությունը ռազմական ռելսերից խաղաղ ռելսերի տեղափոխել: Կառավարությունն զբաղված էր արդյունաբերության և գյուղատնտեսության վերականգնմամբ:

Հայաստանը պատերազմում մեծ կորուստներ էր կրել. հազարավոր հայորդիներ զոհվել էին ռազմաճակատում. դժվար էր հոգեբանորեն, դժվար՝ ֆիզիկապես. աշխատող-տղամարդու ձեռքի պակաս կար: Հարկավոր էր այդ ամենը հաղթահարել, երկիրը պոկել այդ վիճակից, և Ա. Սարգսյանին հաջողվեց այդ իրականացնել:

Բադալ Մուրադյան - 01.02.1966 - 30.01.1972

Ծնվել է 1915թ., Արմավիրի մարզի Վարդաշեն գյուղում: Մասնագիտությամբ քիմիկոս էր: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել է որպես ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար: Երկարատև ժամանակահատված՝ 1976-81թթ. աշխատել է Կիրովի («Նաիրիտ») գործարանում:

Նրա վարչապետությունը համընկավ Բրեժնևի «լճացման» տարիների հետ, և այն ամենը, ինչ տեղի էր ունենում Կենտրոնում, շղթայական ռեակցիայի միջոցով տեղափոխվում էր միութենական ենթակայության հանրապետություններ: Այդ ժամանակաշրջանում քաղաքաշինությունն արագ տեմպերով զարգանում էր՝ գյուղական բնակչությանը ձգելով դեպի քաղաքներ. կառուցվում էին արդյունաբերական կենտրոններ:

Գաղափարական դաշտում Խրուշչովյան ձնհալից - Բրեժնևյան «լճացման» արմատներն էին սաղմնավորվում՝ կերտում «սովետական» քաղաքացու դասական կերպարը:

Աբրահամ Գուլոյան - 01.02.1935 - 30.01.1937

Ծնվել է 1893թ. Պարսկաստանի Սալմաստ գավառում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել Մոսկվայի և Պետրոգրադի համալսարաններում: Եղել է Անդրկովկասի կոմունիստական համալսարանի ռեկտոր, հողագործության ժողկոմ, այնուհետև ՀՍԽՀ Պետպլանի նախագահը, ապա՝ 1935թ. Ժողկոմխորհի նախագահ:

Նրա պաշտոնավարությունը համընկավ Խորհրդային Միության ամենատխուր տարիներին՝ բռնությունների սկզբին, երբ «գլխատվեցին» Խորհրդային Միության ամենապայծառ անհատականությունները, երբ ողջ երկիրը վերածվել էր մի յուրօրինակ մատնության ճամբարի, երբ անհրաժեշտ էր քարկոծել ամենքին ու ամենուր, այլապես ինքդ կհայտնվեիր մատնության գիլյոտինի սեղանին:

Գուլոյանն ստիպված էր տուրք տալ ժամանակին, Բերիայի ու նրա կամակատարների թելադրանքին, այլոց հետ նա ևս պայքարեց Աղասի Խանջյանի դեմ, ինչի արդյունքում «ինքնասպանություն» գործեց հայոց պայծառամիտ անհատականություններից մեկը ևս: Սակայն ինքը՝ Գուլոյանը ևս չխուսափեց անձի պաշտամունքի գիլյոտինից: Ստալինի հանձնարարությամբ 1937թ.։

Գրիգոր Արզումանյան - 01.02.1972 - 30.01.1976 

Ծնվել է 1919թ. Սյունիքի Կավարտ գյուղում: Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետում: Աշխատել է որպես Լենինականի շրջկոմի առաջին քարտուղար, ապա Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար:

Գրիգոր Արզումանյանի պաշտոնավարության օրոք Հայաստանում զարգացում ապրեց միկրոէլեկտրոնային, թեթև ու սննդի արդյունաբերությունը:

Ֆադեյ Սարգսյան - 01.02.1977 - 30.01.1989

Ծնվել է 1923թ. Երևանում: Ավարտել է Լենինգրադի Բուդյոննու անվան կապի զինվորական ակադեմիան: Տեխնիկական գիտությունների դոկտոր է: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Եղել է ՍՍՀՄ պաշտպանության մինստրության հրթիռա-հրետանային վարչության ավագ զինվորական ներկայացուցիչ Սվերդլովսկի գործարանում, ապա՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:
Ինժեներական զորքերի գեներալ-մայոր է:

Նա ևս այն վարչապետներից է, որ բավականին երկար պաշտոնավարեց՝ 12 տարի: Նրա վարչապետության վերջին տարիները համընկան հայ ժողովրդի ազգային զարթոնքի՝ Արցախյան շարժման սկզբին: 1993-2006թթ. եղել է ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ: Հրավիրյալի կարգավիճակով մասնակցել է կառավարության նիստերին: Ֆադեյ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում նոր թափ ստացան Ագարակի պղնձաձուլական գործարանի աշխատանքները:

Սարգսյանի գործունեության ամենաբնորոշիչ ժամանակահատվածը 1988թ. դեկտեմբերի 7-ի՝ մեծ երկրաշարժը ու նրան հաջորդող շրջանն էր: Նրա կառավարությունն էր, որ կրեց երկրաշարժի հետևանքների վերացման առաջին շրջանի ողջ պատասխանատվությունը։

Ֆադեյ Սարգսյանը հիմնականում աշխատեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ: Նրանց համատեղ աշխատանքի շրջանում էր, որ կյանքի կոչվեց ՀՀ հետագա զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ապահովեց ժողովրդական տնտեսության և ժողովրդի սոցիալական կենսամակարդակի շեշտակի աճ. բուռն զարգացում ապրեցին նվազ մետաղատար և էներգատար ճյուղերը, ռադիոէլեկտրոնիկան, մեքենաշինությունը, շահագործման հանձնվեց մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը։

Վլադիմիր Մարգարյանց - 01.02.1989 - 30.01.1990

Ծնվել է 1934թ. Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում: Մասնագիտությամբ գյուղատնտես էր:

Նա խորհրդային վերջին վարչապետն էր. Կրասնոդարի երկրամասում աշխատել էր Մ. Գորբաչովի հետ, և շատերն այդ հանգամանքով էին բացատրում հանրապետության համար խառն օրերին. երբ Արցախյան շարժումն իր բուռն վերելքի մեջ էր, սկսվել էր Արցախից բռնագաղթը. նրա՝ գործադիր իշխանության ղեկավար նշանակվելու հանգամանքը:

Կենտկոմի՝ 1989թ.հունվարի 10-ի ընդլայնված պլենումում, որին ներկա էին Ն. Ռիժկովը, ինչպես նաև տասնյակից ավելի Կենտրոնից ժամանած նախարարներ, Վ. Մարգարյանցը նշանակվեց նախարարապետ: Վ. Մարգարյանցը, ի շարս այլ խնդիրների, իր նախորդի պես, զբաղվում էր երկրաշարժի՝ աղետի գոտու վերականգմամբ: Վ. Մարգարյանցին չվիճակվեց երկար աշխատել. մեկնարկել էր ԽՍՀՄ փլուզման գործընթացը:

1990-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Հաղթեց Հայոց համազգային շարժումը: Պառլամենտական մեծամասնությունը ձևավորեց իր կառավարությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: