Ֆուտբոլի աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականը ժամանել Է Բուենոս Այրեսի օդանավակայան, հազարավոր երկրպագուներ դիմավորել են մարզիկներին: Այս պահին տեղի է ունենում չեմպիոնական շքերթը, որտեղ թիմը անցնում է բաց ավտոբուսով։
Հավաքականի ավագ Լիոնել Մեսսին առաջինը իջավ օդանավից՝ բարձր պահելով ոսկե գավաթը, որից հետո կարմիր գորգով անցան հաղթական թիմի անդամները։ Ֆուտբոլիստներին դիմավորեցին լրագրողները, պաշտոնյաները և կենդանի նվագախումբը:
Երբ թիմի ավտոբուսը հեռանում էր օդանավակայանից, այն անմիջապես հեղեղվեց ազգային կապույտ և սպիտակ գույներով հագնված երկրպագուների կողմից: Տեսանյութերում երևում է, որ ավտոբուսը դանդաղորեն առաջ է շարժվում ոստիկանական ուղեկցորդների հետևից՝ շրջապատված տասնյակ հազարավոր երկրպագուներով։
Հիշեցնենք, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը դեկտեմբերի 20-ը հայտարարել է հանգստյան օր, որպեսզի քաղաքացիները կարողանան տոնել հավաքականի հաղթանակը։