Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնում է 1945թ. Երկրորդ աշխարհամարտից ի վեր նմանը չունեցող պատերազմ սկսել Եվրոպայում, եթե Ուկրաինայի նկատմամբ գերիշխանություն չստանա, իսկ Եվրոպայի անվտանգային համակարգը չվերափոխվի՝ ըստ իր նախասիրության։ Պուտինի կողմից ուժի ցուցադրությունը և Ուկրաինայի հետ սահմանին տեղակայված ռազմական ստվար ուժերի փաստն ինքնին անակնկալի է բերել շատերին՝ այս անգամ լուրջ ընդունելով նրա խոսքը: Բայց արդյո՞ք լուրջ է։ Հնարավո՞ր է, որ միջազգային առեղծվածայնությամբ հայտնի պետական գործիչն այս անգամ գերազանցել է իր հնարավորությունները և դնում է ակնհայտորեն անկատարելի պահանջներ, որոնք որևէ արևմտյան առաջնորդ չի կարող նույնիսկ լրջորեն բանակցել:
Ի հակառակ կարծիքների, թե իր հանդուգն քայլից հետո Պուտինը բազում տարբերակներ ունի Ուկրաինայի հարցում, այժմ նա կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ բարձրացնել խաղադրույքները և մտնել պատերազմի մեջ, կա՛մ նահանջել և նվաստանալ։ Գնդակը նրա դաշտում է: Եվ հենց դա է խնդիրը։
Պուտինն իր պահանջներով, սակայն, բարձր նշաձող է սահմանել։ Նա ցանկանում է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ճանաչեն Ռուսաստանի ազդեցության գոտին, ինչն ինքնին խախտում է 1990թ. Փարիզի խարտիան, որի հիմնական սկզբունքը պետությունների՝ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքն է: Նա ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն իր ուժերը դուրս բերի խորհրդային օկուպացիայից ազատված պետություններից, որոնք դաշինքին միացել են 1997թ. հետո: Դա կխախտի դաշինքի բոլոր անդամների համար հավասար անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի պարտավորությունը և առաջնագծում գտնվող պետություններին՝ Լեհաստանին և Բալթյաններին, միայնակ կթողնի ռուսական ռազմուժի առաջ: Եվ նա պահանջում է, որ ՆԱՏՕ-ն փակի դռները Ուկրաինայի առաջ՝ խախտելով և՛ Փարիզի խարտիան, և՛ ՆԱՏՕ-ի կանոնադրությունը: Վերջապես, Պուտինը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն չմատակարարի այնպիսի զենքեր, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանին: Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռուսաստանն ինքն է խախտել «Միջին հեռահարության միջուկային հրթիռների» (INF) պայմանագիրը, որով նման զենքերի տեղակայումն իսկ արգելվում է՝ միաժամանակ նկատի ունենալով նաև ԱՄՆ-ի կողմից այդ պայմանագրից դուրս գալը։ Այս հանդուգն պահանջների ամբարտավան ծիրում ռուս դիվանագետները նաև պահանջել են, ինչպես ուսուցիչն է պատվիրում աշակերտին, որ ԱՄՆ-ն իր պատասխանը ներկայացնի գրավոր տարբերակով: Հակառակ դեպքում...
Այստեղ է, որ իրավիճակը Պուտինի համար դառնում է խնդրահարույց. մի քանի շաբաթ կարծր հռետորաբանություն կիրառելուց և ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին բուռն բանակցությունների հարկադրելուց հետո Պուտինը, այդուհանդերձ, չստացավ իր ուզածը: Նրա պահանջները շարունակաբար մերժվեցին, այդ թվում՝ հունվարի 21-ին Ժնևում, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը հանդիպել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ Մինչ այժմ ձեռք բերված միակ պայմանավորվածությունը բանակցությունների շարունակումն է, իսկ այդ ընթացքում դաշնակիցներն ավելի մեծ ծավալի ռազմական օգնություն են ուղարկում Ուկրաինա՝ ձգտելով ամրացնել իրենց ներկայությունը՝ անկախ ճգնաժամի հանգուցալուծումից։ Բլինքենը խոստացել է ներկայացնել ԱՄՆ-ի գրավոր պատասխանը, որը հիասթափեցնելու է Լավրովի «շեֆին», քանի որ նրա պահանջները կրկին մերժվելու են՝ այս անգամ գրավոր:
Ի հեճուկս Կրեմլի որոշումների կայացման ծածուկ բնույթին՝ Պուտինը, անշուշտ, կույր չէ և հասկանում է պատերազմի ռիսկերը՝ ուկրաինացիների և ռուսների կյանքերի կորուստ, հսկայական տարածքի գրավման և միլիոնավոր մարդկանց կառավարման ծախսեր և, ի վերջո, մերժում ուկրաինական ժողովրդի կողմից, որը տուժել է ռուսական ագրեսիայից և ավելի վճռական դարձել ժողովրդավարական հասարակություն կառուցելու ու Արևմուտքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու հարցում: Թեպետ Պուտինին նկարագրում են որպես անխոհեմ, սակայն նա կարող է ամեն ինչ լինել, բացի դրանից։ Նա օգտագործում է իր ռազմական կարողությունը հաշվարկված ձևով. Սիրիայում դաժան ավիացիոն արշավն անհաշիվ քաղաքացիական կյանքեր խլեց՝ նվազագույնի հասցնելով ռուսական ռազմական ուժերի կորուստները, Լիբիայում մարտերի մեջ մտցվեց վարձկաններին, որոնք վիրավորվելու կամ սպանվելու դեպքում սոսկ ծախս են համարվում, և վերջերս Ղազախստանում, որտեղ պրոֆեսիոնալ ուժերի տեղակայումը իրականում փոքր էր և անձայն:
Ոչ ոք, հավանաբար նաև անձամբ՝ Պուտինը, չգիտի, թե ինչպես կլուծվի այս ճգնաժամը։ Հզոր ռազմուժ հավաքելը խնդրի հեշտ կողմն է, և ավանդական իմաստությունը փաստում է՝ Ուկրաինայի դեմ պատերազմը Պուտինի համար առանձնակի բարդություն չի ներկայացնում։ Սակայն այնպիսի երկրի դեմ պատերազմ սանձազերծելը, որն անգամ Պուտինն է անվանել «մեկ ժողովուրդ Ռուսաստանի հետ», բարդ հարց է. մեկ այլ խնդիր է լինելու պատերազմը շարունակելը։ Ամերիկացիներն այդ դասը քաղեցին Աֆղանստանում և Իրաքում։ Ռուսները նույնպես դա սովորեցին 1980-ական թթ. Աֆղանստանում և 1990-2000-ական թթ. Չեչնիայում:
Եթե Պուտինը որոշի ավելացնել խաղադրույքներն ու գնալ ցամաքային ներխուժման, ինչպես հուշում են նրա ռազմական տեղակայումները, արևմտյան քաղաքականության մշակողների գործողությունները ակնհայտ են՝ դատապարտում, պատժամիջոցներ, աջակցություն ուկրաինական դիմադրությանը և ՆԱՏՕ-ի՝ ավելի ընդգծված ներկայություն առաջնագծի երկրներում: Բայց եթե նա ընտրի զարգացման ավելի թույլ տարբերակ, ապա արևմտյան առաջնորդները կկանգնեն բարդ ընտրության առաջ՝ սկսած ամբարտավան ԿԳԲ-ի կիսագնդապետին դեմքը փրկել առաջարկելուց, եթե նա համաձայնի ԱՄՆ-ի բանակցությունների առաջարկին, մինչև ինչ-որ տեսակի պատժի արժանանցնելը՝ պահպանելու համար ՆԱՏՕ-ի դաշնակիցների միասնականությունը։ Նրանցից ոմանք կարող են պնդել կոշտ միջոցների վրա, մյուսները՝ ավելի փափուկ միջոցառումների՝ չսրելու համար Պուտինի հետ հարաբերությունները։
Ցանկացած պարագայում քիչ է հավանականությունը, որ սա Պուտինի վերջին փորձն է՝ վերականգնելու վերահսկողությունն Ուկրաինայի նկատմամբ։ Նա կարող է այս անգամ նահանջել, բայց ինչպես Տերմինատորը, նա վերադառնալու է: Ուստի պետք է մտածել անմիջական ճգնաժամից այն կողմ, նույնիսկ եթե այս անգամ հնարավոր լինի խուսափել վատթարից։
Ⓒ Յուջին Ռումեր
«Քարնեգի» հետազոտական ինստիտուտ
25.01.2022