Քաղաքական

Վարչապետը մեկնաբանել է 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության 9-րդ կետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշելով, որ փաստաթղթի ոչ մի կետ այսօր չի գործում։ Խոսելով հայտարարության 9-րդ կետի մասին՝ նա ասել է, որ դա ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի մասին է, այլ տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման և, դրա արդյունքում, երկրից երկիր հաղորդակցությունն ապահովելու անհրաժեշտության․

«Թեման, որ կարգավորվում է, տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է։ Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանն, ընդհակառակն, պատրաստ է այդ գործընթացին, նաև՝ կառավարության որոշման նախագիծ կա շրջանառության մեջ. «Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից։ Ընդ որում, իրենք ասում են՝ եթե այդ ճանապարհները Հայաստանը մեզ չտա, Իրանով կկառուցենք։ Մենք էլ ասում ենք՝ նույն ձև, ինչ ԻԻՀ-ն պատրաստ է տրամադրել, նույն ձևով՝ մենք։ Ինչո՞ւ, որովհետև եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ ակնարկ, գրառում, ձևակերպում այն մասին, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը որևէ ձևով սահմանափակվում է»։

Ըստ նրա՝ հաջորդ հարցը, որ շահարկվում է, փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն երրորդ կողմը պետք է ապահովի անվտանգություն ՀՀ տարածքով. «Նոյեմբերի 9–ի հայտարարության 9-րդ կետում նման բան ընդհանրապես գոյություն չունի։ Հակառակը, գրված է, որ ՀՀ-ն է երաշխավորում, որ անվտանգություն ապահովվի։ Երաշխավորը ՀՀ-ն է»։ Ըստ նրա՝ եռակողմ հայտարարության մեջ չկա նաև ոչ մի ձևակերպում այն մասին, թե ՀՀ տարածքի որևէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից, և որևէ երրորդ կողմ, մասնավորապես, ՌԴ-ն, այն պետք է վերահսկի. «Գրված է՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Շատ կարևոր է, որ այս կետի մեկնաբանությունը արտահայտված է ՌԴ նախագահի 2020թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրում, որտեղ հանձնարարություն է գրվում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ։ Այսինքն, սուբյեկտը, որ ապահովում է տրանսպորտային կապը, ՀՀ-ն է։ Իսկ ի՞նչ է նշանակում այդ կետը. այն որևէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն կարող է կամ պետք է լինի տեղում, որովհետև այդ վերահսկողությունն իրականացնելու ձև ասեմ, որ մենք այն ժամանակ դա նկատի ունեինք՝ կարող է ՀՀ-ն, որպես եռակողմ հայտարարության կողմ, պարբերաբար զեկույցներ տա, որ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովված է, այսինքն՝ պայմանավորվածությունը կատարված է»։