ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպանատան երեկվա հայտարարությանը, որում առաջարկել էին կուտակված խնդիրները կարգավորել քննարկումների միջոցով։
Ըստ Կոստանյանի՝ դիվանագետները խոսում են բոլոր գործընկերների հետ. «Բայց շատ կարևոր է միջավայրը, որ պետք է ստեղծված լինի՝ խոսելու տարբեր թեմաների շուրջ։ Իսկ ՌԴ և ՌԴ ԱԳՆ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները բնավ որևէ կերպ չեն նպաստում նման մթնոլորտի ձևավորմանը»։
Հարցին՝ պատրաստ է Հայաստանը նման երկխոսության, նա նշել է․ «Մենք բարձրաձայնել ենք այն խնդիրները, որ տեսնում ենք ՀՀ-ՌԴ հարաբերությունների օրակարգում, և կարծում եմ՝ կարելի է ակնկալել, որ դե յուրե մեր դաշնակից պետությունը դրանց կարձագանքի, և կարձագանքի ոչ միայն խոսքերով, այլև քայլերով, նաև՝ չի կատարի քայլեր, չի անի հայտարարություններ, որ վնասում են, ինչպես իրենք են պնդում, իրենց դաշնակցի կենսական շահերին»։