Քաղաքական

«Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր». Արմեն Գրիգորյանը՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մասին

«ՀԱՊԿ-ից ակնկալում ենք, որ ճանաչի իր պատասխանատվության սահմանը, մեր տարածաշրջանում դա 29.800 ք/կմ տարածքն է, ինչպես նաև սահմանները, որ գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի հետ։ Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել, այս խնդիրը մնում է օդում»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին։

Հարցին, թե ՀՀ-ն արդյո՞ք քննարկում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը, Գրիգորյանը պատասխանել է. «Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր, օրակարգում տարբեր հարցեր կան, և մենք շարունակելու ենք գոյություն ունեցող բոլոր ուղղությունները և հարցերը քննարկելը»։ 

Անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման հնարավորությանը, նա նշել է. «Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին տեղյակ պահվել է պաշտոնական նամակով»։ Գրիգորյանը մանրամասնել է, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը. «Հայաստանը, Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է «Զվարթնոց» օդանավակայանում ամբողջությամբ իրականացնեն ծառայություն»։

Ըստ Գրիգորյանի՝ «Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ էր ձեռք բերում, և այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար»։