Քաղաքական

«Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է»․ Սուքիասյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խոսել է հայոց ցեղասպանության մասին՝ պնդելով, թե դրանում հայերի մեղքն էլ կա.

«Ցեղասպանությունից ո՞վ է հրաժարվում։ Նախ, դա, որ իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեզ նման ժողովրդին կարողացել են այդ աստիճան կոտորել։ Այդտեղ մեր մեղքն էլ կա, որ չենք կարողացել կազմակերպվել և մեզ պահել։ Դա մեզ պետք է դաս լինի․ ոչ թե դաս լինի, որ լաց լինենք, այլ դաս, որ ուժեղանանք, որ ապագայում մեր սերունդները ոչ մի անգամ նման իրավիճակում չհայտնվեն։ Ինձ պետք չի, թե ով ինչ կճանաչի, ինձ պետք է, որ ես ուժեղ լինեմ»,- նշել է նա։

Ըստ պատգամավորի՝ ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է․ «Մեզ պետք է հզոր պետություն։ Երբ դա ունենում է քաղաքական խնդիր, այդ դեպքում են ճանաչում»։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հարցին՝ պատգամավորը նշել է, որ սահմանադրությունը պետք է փոխվի և նոր ժամանակներին համարժեք դարձվի․ «Բա դուք թրենդներին չե՞ք հետևում։ Որ նոր «Այֆոն» է դուրս գալիս, ինչո՞ւ են ձգտում դրան»,- օրինակ է բերել է նա։

Սուքիասյանի պնդմամբ՝ սահմանադրությունը պետք է լինի աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ. «Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել, որ աշխարհաքաղաքական փոփոխությունները պետք է հաշվի առնես, որ երկրում ամեն ինչ կառուցես ըստ այսօրվա եղած իրավիճակի։ Այժմյան սահմանադրությունն այն ժամանակվա իրողություններին համարժեք է եղել, հիմա ուզում ենք նոր իրողությանը համարժեք լինի»,- ասել է նա։