Քաղաքական

Քոչարյանը հավանական է համարում, որ նորից կկալանավորվի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է իր դեմ քրեական վարույթի նախաքննության ավարտին․

«Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, դա արեցին, ծանոթացրին, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու  ուղարկեցին դատարան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։ Քոչարյանը պնդում է, թե ոստիկանները կեղծ ցուցմունք են տվել, թե, իբր, ինքը ծեծել է իրենց. «Բայց ֆիքսվել են իմ մարմնական վնասվածքները, չնայած դրան` չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք առաջադրված լինի»,- ասել է նա։ 

Անդրադառնալով իրեն նորից կալանավորելու հավանականությանը՝ Քոչարյանն ասել է, թե քաղաքական առումով դա հավանական է համարում. «Իսկ իրավական առումով՝ աբսուրդ է, որ նման բան լինի»:

Քոչարյանը խոսել է նաև սահմանադրության փոփոխության հնարավորության մասին՝ նշելով, որ ֆրակցիայում առանձին խոսակցություններ և քննարկումներ եղել են, բայց նիստ չեն հրավիրել։ Իր կարծիքով՝ իշխանությունը դեռ տրամադրություններ է ստուգում, ինչ–որ խոսակցություններ է մտցնում դաշտ. «Անընդունելի է զրկել մեր ազգին հայ լինելուց, երազանքներ ունենալուց, ավելի շատ ուզելուց, ավելի շատին ձգտելուց, պատմական արդարությունը վերականգնելուց»,- ասել է նա։