Քաղաքական

«Խնդրում եմ՝ այլևս այդ օրինակը չհիշեցնել, որովհետև այնքա՜ն բան կհիշեցնեմ». Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ականներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ԿԳՄՍ նախարարին ուղղված հարցին, հիշեցրել է. «Պարոն Մանուկյան, Դուք էլ ֆեյսբուքյան Ձեր գրառումներում հաճախ չէիք զլանում մարդկանց հասցեին սեռական բնույթի վիրավորանքներ գրել․ այնպես որ, ձեր զարմանքն ու վրդովմունքն, ըստ իս, տեղ չունի։ Հասկանալի պատճառներ կան, որ մարդիկ թիրախավորվում են նման դեպքերում»։

«Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն էլ արձագանքեց. «Պարոն Սիմոնյան, ոմանք թիրախավորում են ֆեյսբուքում, ոմանք՝ ուղիղ թքում երեսին․ այնպես որ...»։

Ալեն Սիմոնյանն էլ այդ դիտարկման առնչությամբ ասաց. «Ի տարբերություն ոմանց՝ ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար։ Կոչ եմ անում մնացած բոլոր այն մարդկանց, որ սխալ են գործում, չզլանալ և նույնպես ներողություն խնդրել։ Խնդրում եմ՝ այլևս այդ օրինակը չհիշեցնել, որովհետև այնքան բան կհիշեցնեմ 109, թե 112–ամյա պատմությամբ ձեր կուսակցության մասին, որ կարող է չհերիքի»։

Գեղամ Մանուկյանի խոսքին էլ, թե «փոքր եք՝ ՀՅԴ-ին բան ասելու համար», ԱԺ նախագահն ասաց. «Լավ է, որ կուսակցությունով եք թաքնվում։ Իսկ փոքր եմ, թե փոքր չեմ, ժողովուրդն է որոշում՝ ով է այստեղ փոքր, ով է մեծ»։