Քաղաքական

«Եթե իմ տեղը Լևոն Քոչարյանն է գալու, կարծում եմ՝ ինձնից լավ կպայքարի». Մադաթյան

«Եթե իմ տեղը Լևոն Քոչարյանն է գալու, կարծում եմ՝ ինձնից լավ կպայքարի». Մադաթյան

«Պատգամավորական մանդատը չվերցնելը, ինքնաբացարկ հայտարարելը տեխնիկական խնդիր է՝ կապված իմ աշխատանքի և գործունեության հետ»․ Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ինքնաբացատրկի դիմում ներկայացրած «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ պարզաբանելով մանդատը չվերցնելու պատճառը։

Նրա խոսքով՝ պատգամավորի կարգավիճակը չի թույլատրում, որ ինքն զբաղվի մասնագիտական գործունեությամբ։

Դիտարկմանը, թե նախօրոք հայտարարել էր, որ վերցնելու է մանդատը, այդ ժամանակ իրավական կարգավորումներից տեղյակ չէ՞ր, Մադաթյանն ասաց. «Ինձ իրավաբանները տեղեկացրել են, որ միայն դասախոսական գործունեություն  կարող եմ իրականացնել, իսկ ես այլ կարգավորումներ եմ անում, այցելուներ եմ ընդունում և աշխատում եմ»։

Հարցին՝ ինքնաբացարկը կապ ունի՞ Լևոն Քոչարյանի ազատման հետ, որ նա վերցնի մանդատն ու դուրս գա կալանավայրից, Մադաթյանը պատասխանեց. «Ես չգիտեմ․ բոլորը հիմա կապում են, չեմ կարող ասել։ Իմ որոշումը բացառապես պայմանավորված է իմ աշխատանքային բնույթով։ Ես բուժական, հոգեբանական ճշգրտման պրոցես եմ իրականացնում, որը համատեղելի չի պատգամավորական մանդատի հետ»,- ասաց Մադաթյանը և ընդգծեց, որ պայքարը շարունակելու է նույն ոլորտում՝ ավելի եռանդով. «Եթե իմ տեղը պարոն Քոչարյանն է գալու, կարծում եմ՝ ինձնից լավ կպայքարի»։

Հիշեցնենք՝ 3 թեկնածուի ինքնաբացարկի դիմումներից հետո ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։ Ըստ իրավական ընթացակարգի` մանդատը ստանալուն պես Քոչարյանի խափանման միջոցը պիտի փոփոխվի, և նա պետք է ազատ արձակվի։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական