ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հետ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին։
«Նա թատերական կերպով ամբիոնից իջավ հակառակ ուղղությամբ․ սովորաբար ընդդիմադիր գործընկերները մյուս կողմով են իջնում։ Ինքը իջավ, կանգնեց, նայեց դատավորի կողմ, ասաց՝ նայեք իմ աչքերին։ Էն, որ դիտողություն արեց ԱԺ նախագահը, երբ ինքը նման բան ասաց ամբիոնից, երևի բավարար չէր։ Ես էլ նստած եմ անմիջապես իր դիմաց, և պարտավոր եմ ուժերիս ներածի չափով հարգել ինստիտուտը․ և դիտողություն արեցի»,- ասաց Աղազարյանը՝ հավելելով, որ հետո ասել է. «Այստեղ թատրոն չի, նստեք ձեր տեղը»։
Դիտարկմանը, թե ասել է «վեր ընկի տեղդ», Աղազարյանն ասաց. «Չգիտեմ, չեմ կարող ասել, կարող է պատահել»։
Թե ինչու է որոշել պաշտպանել դատավորին, պատգամավորն ասաց. «В этом гостинице я хозяин»: