Քաղաքական

Լարված իրավիճակ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց ներս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուք սկսվեց։

Դիմելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին, Արթուր Սարգսյանն ասաց. «Դուք այսօր այս ամբիոնում կանգնած հպարտորեն ասում եք, որ Դուք ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում: Ես ասում եմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել: Ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ...Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց կոռեկտ արտահայտվել: Ավարտելով ելույթը, պատգամավորն իջավ, ապա կանգնելով ամբիոնի կողքին՝ Արմեն Դանիելյանին հորդորեց նայել իր աչքերի մեջ:

Միջամտեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ասելով, թե «Ձենդ կտրի, վեր ընկի տեղդ»։ Արթուր Սարգսյանը պատասխանեց Աղազարյանին, ապա իջավ ամբիոնից ու քայլեց դեպի նա՝ բղավելով. «Դու ո՞վ ես, որ ինձ ասես», «Դու ո՞նց կարաս ինձ ասես՝ վեր ընկի տեղդ»։

Պատգամավորները բախումը կանխելու համար դուրս եկան իրենց տեղերից, թույլ չտալով, որ բանը հասնի ծեծկռտուքի։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, հորդորելով դահլիճից հեռացնել Արթուր Սարգսյանին։

Դահլիճում կրքերը չէին հանդարտվում, որից հետո ԱԺ նախագահը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։