ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր դահլիճում տեղի ունեցած միջադեպի համար նախազգուշացում է հայտարարել պատգամավորներ Արթուր Սարգսյանին ու Հովիկ Աղազարյանին։
Սիմոնյանն իր ելույթում ասաց, որ ցանկություն չկա լարելու իրավիճակը. «Կարող էի այլ միջոց կիրառել, օրինակ՝ մինչև օրվա վերջ դահլիճ չթույլատրել պատգամավորին, կամ այլ բան, բայց դրան չեմ գնում»։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը կազմակերպված սադրանք էր. «Ես շատ ուրախ եմ, որ այդ սադրանքին չտրվեցինք։ Օրինակ, դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որը գրեթե չի լինում դահլիճում՝ Իշխան Սաղաթելյանը, իմ նախկին տեղակալը, որ ԱԺ մասին ասում էր՝ «Սա Ալեն Սիմոնյանի բիսեդկեն չի»։ Այո, սա Ալեն Սիմոնյանի «բիսեդկեն» չի, բայց նաև ձեր դուքանը չի, ձեր հյուրանոցը չի, ձեր հիմնարկները չեն»։
Ըստ Սիմոնյանի՝ Իշխան Սաղաթելյանն Արթուր Սարգսյանին կոչ է արել գնալ ու դուխով ելույթ ունենալ. «Ինձ համար ակնհայտ դարձավ, որ սադրանք է նախապատրաստվում։ Դրանից հետո պարոն Սարգսյանը որոշեց մոտենալ դատավորին, ինչի իրավունքը չունի։ Հետո բոլորով որոշեցին հարձակվել 63-ամյա պարոն Աղազարյանի վրա»։