ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որ այսօր մասնակցել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը, մանրամասներ է հայտնել պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպից։
«Քննարկման ավարտին Վլադիմիր Վարդանյանը սկսեց գոռգոռալ, որին արձագանքելով՝ Մհեր Սահակյանը պահանջեց, որ չգոռա։ Ի պատասխան դրա՝ Վլադիմիր Վարդանյանը մի պահ լռեց, ապա բարձր տոնով նորից գոռաց, թե՝ «լավ եմ անում, ում վրա ասես՝ կգոռամ, երբ ասես՝ կգոռամ»։ Մհերը ասաց՝ «չես կարող»։ Վլադիմիր Վարդանյանը կանգնեց նստած տեղից, քայլ արեց դեպի Մհերը, և տեղի ունեցավ էդ հարվածը։ Մեկ հարված է եղել, ոչ մի ծեծկռտուք չի եղել։ Հետո Մհերը դուրս եկավ դահլիճից, հեռացավ։ Իմ կարծիքով՝ շատ ճիշտ արեց, որովհետև կարող էին վատ հետևանքներ լինել։ Ես փորձեցի հանգստացնել Վլադիմիր Վարդանյանին, չէր հանգստանում․ ինքը և մի շարք օգնականներ, ՔՊ-ական պատգամավորներ վազում էին դեպի մեր խմբակցությունը։ Այդ ընթացքում փորձում էի կասեցնել, ասել, որ անցանկալի միջադեպ է, բայց չի կարելի ավելի լարել իրավիճակը»,- պատմել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։
Մինասյանը նշեց, որ դեպքից հետո հանդիպել է Ռուբեն Ռուբինյանի հետ. «Ասացի՝ միջադեպի հետ կապված առանձին քննարկում կանենք մենք, և երբ քննարկման արդյունքները չբավարարեն, կարող ենք քննարկել այլ հարցեր, բայց այսօր ԱԺ-ում չպետք է լարվածությունը շարունակվի։ Ինձ ասվել է, որ շտապօգնությունը, իրավապահները եկել են, տեղեկացրին, որ ոստիկանությունը մեր խմբակցությունում է, իջել եմ։ Ասել են՝ այստեղ են, որպեսզի բերման ենթարկեն Մհեր Սահակյանին։ Մհերը հանգիստ եկել է, որ իրենց հետ գա այստեղ։ Այդ ընթացքում ներս է մտնում Ալեն Սիմոնյանը և սկսում ավելի անհավասարակշիռ պահվածքով հրահրել մի նոր կոնֆլիկտ, որին հաջորդում են ոստիկանության բիրտ գործողութունները Մհեր Սահակյանի նկատմամբ, և նրան ֆրակցիայից բռնի դուրս են հանում»։ Ըստ Մինասյանի՝ Մհեր Սահակյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ. «Ալեն Սիմոնյանն այնպիսի տոնով էր խոսում, ասես՝ իր առաջ մի հանցագործ տարր է կանգնած։ Մհերը բացատրում է իրավիճակը, թե ինչից ծագեց, բայց Ալեն Սիմոնյանը սկսեց գոռգոռալ, հայտարարել, թե պատժվելու եք, և այլն»։
Ըստ Մինասյանի՝ այդ երևույթը տհաճ է, բայց դրա ակունքները գալիս են այն ժամանակից, երբ ՔՊ-ականները հարձակվում և հարվածում էին ընդդիմադիրներին, և այդ հարվածները մնում էին անպատասխան։