Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն զբաղեցնող անձը պաշտոնաթող լինելուց հետո հատուկ կենսաթոշակ կարող է ստանալ, եթե լրացել է նրա 65 տարեկանը և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 օրացուցային տարի պաշտոնավարել է։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարություն հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե արդյոք հատուկ հանձնարարություններով դեսպանները պաշտոնը թողնելուց հետո հատուկ կենսաթոշակ ստանում են, և եթե այո, ինչքա՞ն։
Այս հարցումը վերահասցեավորվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղից էլ պատասխանել են. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 օրացուցային տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում։ Հարկ է նկատի ունենալ, որ Օրենքի 1-ին հավելվածով սահմանված պաշտոններում (մասնավորապես՝ հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով) նախատեսված է նաև հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Ըստ այդմ, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնող անձը Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի 65 տարին լրանալու դեպքում, եթե Օրենքի 1-ին հավելվածով սահմանված պաշտոններում պաշտոնավարելու ընդհանուր տևողությունը կազմում է առնվազն 10 օրացուցային տարի»։
Գերատեսչությունից նաև խնդրել էինք տրամադրել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն զբաղեցրած անձանց ցանկը, ովքեր ստացել են նման կենսաթոշակ՝ նշելով, թե ամսական որքան գումար են ստանում նրանք։ Սակայն սոցապնախարարությունից մեզ պատասխանել են, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե դրանք մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը՝ բացառությամբ տվյալ օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի: Ըստ այդմ, անձնական տվյալ համարվող տեղեկատվությունը կարող է փոխանցվել անձնական տվյալների սուբյեկտի կողմից պատշաճ կարգով տրված համաձայնության դեպքում:
Հիշեցնենք՝ Հայաստանը մինչ այս պահը ունեցել է հատուկ հանձնարարություններով 14 դեսպան։ Նրանցից ամենաերկարը պաշտոնավարել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ 1993-2018 թթ.։
Հայկ Մագոյան