ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։ Նա շեշտել է, որ մանկապարտեզների սաները, դպրոցականներն ու ուսանողները մեկ ամիս է՝ զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից. «Արդեն մեկ ամիս է՝ ԼՂ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում։ Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս անգամ, սակայն, COVID-19-ի վիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական մտահոգությունները»»։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը, դրանով չբավարարվելով, փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացում մասամբ, հետո նորից փակում. «Ադրբեջանը շարունակաբար կիրառում է գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է»։
ՀՀ վարչապետը մեջբերեց նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ նշելով, որ դրա անխափան գործունեության երաշխիքներ են տվել Ադրբեջանն ու ՌԴ-ն. «Արդեն 46 օր է՝ ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով»։