Քաղաքական

Նախկին նախագահների գրասենյակներից չեն մեկնաբանում հանդիպման մասին լուրերը

Լուրեր են շրջանառվում, որ առաջիկա օրերին տեղի է ունենալու ՀՀ և ԼՂ նախկին նախագահների և երկու կաթողիկոսների հանդիպում՝ 3+2+2 ֆորմատով: 

Հանդիպման վերաբերյալ Radar Armenia-ն փորձեց կապ հաստատել ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների հետ, բայց չհաջողվեց որևէ մեկնաբանություն ստանալ։ Նրանց մամուլի պատասխանատուներն ու գրասենյակների ղեկավարները չպատասխանեցին մեր զանգերին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ևս հրաժարվեց մեկնաբանել շրջանառվող լուրերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից էլ ասացին՝ «Չենք կարող մեկնաբանել մի բան, որից դեռ լուր չունենք»։

Նշենք՝ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 18-ին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Հայկ Մագոյան