Քաղաքական

Սամարղանդում վերջնական պայմանավորվածություններ չեն լինելու

Սեպտեմբերի 16-ին տեղի կունենան Պուտին-Ալիև և Պուտին-Էրդողան հանդիպումները։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Ալիևի վաղվա հանդիպման ժամանակ օրակարգի գլխավոր հարցը լինելու է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ կանխատեսելի էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մեկնարկին սահմանային լարվածությունը կթուլանա։

«Ակնհայտորեն, Ալիևին էլ ձեռնտու չէր լարվածության բեռով մասնակցել գագաթնաժողովին։ Բայց Պուտին-Ալիև և Պուտին-Էրդողան հանդիպումների ընթացքում վերջին օրերի զարգացումները կքննարկվեն»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Սուրենյանցը՝ հավելելով, որ դժվար է կանխատեսել, թե ինչ լուծումների կգան։

Քաղաքագետը ենթադրում է, որ որոշակի լուծումներ չեն ուրվագծվում, հակառակ պարագայում Փաշինյանը կմեկներ Սամարղանդ, և տեղի կունենար եռակողմ հանդիպում, որի ընթացքում կձևավորվեին մի շարք պայմանավորվածություններ, կամ նոր եռակողմ հայտարարություն կլիներ. «Քանի որ Փաշինյանը չի մեկնել Սամարղանդ, ենթադրում եմ, որ առայժմ հասունացած չէ նոր պայմանավորվածությունների պահը, և գործընթացը դեռ խմորվում է»։ 

Քաղաքագետը լարվածության վերջնական լուծում այս հանդիպումներից չի ակնկալում, քանի որ հակամարտության կողմերից Հայաստանը ներկայացված չէ. «Ճիշտ է՝ Հայաստանի սուբյեկտությունը թուլացած է, բայց այնպես չէ, որ առանց Հայաստանի՝ վերջնական լուծումներ կարող են տրվել։ Այլ խնդիր է, որ Պուտինն ու Էրդողանը Սամարղանդում քննարկելու են հայ-ադրբեջանական հարցը, և մեզ մոտ միշտ մտավախություններ է առաջանում, որ հայկական շահեր կարող են զոհաբերվել, մանավանդ, որ Մոսկվան խիստ թաթախված է ուկրաինական գործընթացներում, աշխատում է ավելորդ կոնֆլիկտներ չստեղծել Անկարայի և Բաքվի միջև, և այդ միջակայքում տուժում են հայկական շահերը»։

Քաղաքագետը ենթադրում է, որ մոտ ապագայում Ռուսաստանը կփորձի կազմակերպել եռակողմ հանդիպում, իսկ Սամարղանդի հանդիպումներից հետո հանդես կգա որոշակի առաջարկություններով։

Հայկ Մագոյան