ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստին։ Այս մասին այսօր Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա մեկնաբանմամբ՝ որոշումը, որն ունեցել են դեռ մայիսին, շարունակում է ուժի մեջ մնալ. «Եթե որևէ փուլում, քաղաքական կամ մեկ այլ իրավիճակից ելնելով, որոշումը փոփոխման ենթարկվի, այդ մասին պատշաճ կտեղեկացնենք հանրությանը»։
Հարցին՝ «Պատիվ ունեմ»-ի դիրքորոշումը համաձայնեցվա՞ծ է ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության հետ, Աբրահամյանն ասաց, որ մեծ թվով հարցերի շուրջ ունեն ոչ թե դիրքորոշումների համաձայնեցում, այլ՝ ներդաշնակեցում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Radar Armenia-ի հետ զրույցում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն ասել էին, թե ԱԺ վերադառնալ-չվերադառնալու հետ կապված հայտարարություն կանեն։
Հայկ Մագոյան